«2018թ. հեղափոխությունը տեղի ունեցավ էյֆորիկ ալիքի վրա: Բոլորս էյֆորիայի տակ էինք դուրս եկել». Լևոն Մնացականյան
«Ես մասնակցել եմ 2018թ. իշխանափոխության գործընթացին, որովհետև հեղափոխություն կոչվածն ինձ համար նախ և առաջ արմատական, և, ընդհանրապես, արժեհամակարգային փոփոխություններն են երկրում, որը հիմա չեմ տեսնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Մնացականյանը:
Նրա խոսքով՝ գործող իշխանության ղեկավարի գլխավորությամբ՝ ողջ կառավարությունը դավաճանել է հեղափոխական արժեքները, այդիսկ պատճառով ինքը չի մնացել նրանց կողքին:
«2018թ. էյֆորիայի բարձր ազդեցության ներքո Հայաստանի ժողովրդի գերակշիռ մասը դուրս եկավ նախկին իշխանության դեմ և կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին: Բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե հեղափոխությունն ինքնաբուխ էր, հորդորում եմ կարդալ Ջին Շարփի քաղտեխնոլոգիաները, և առաջին հինգ տողը կարդալով՝ հեղափոխությունը կգա ձեր աչքի առաջ: 2018թ. ժողովուրդը մասնակից եղավ հեղափոխությանը, բայց կիրառվեցին քաղաքական տեխնոլոգիաներ»:
Նրա կարծիքով՝ իշխանությունները դեռ դուրս չեն եկել էյֆորիկ վիճակից, այդիսկ պատճառով սխալները հետևում են մեկը մյուսին: «Գործող վարչապետը շատ սխալ պատկերացումներ ունի ընդհանրապես պետության մասին: Իշխանության ներկայացուցիչների ելույթները վերաբերում են սիտուատիվ գործողություններին, այսինքն՝ կա իրավիճակ, իշխանություններն արտահայտվում են այդ իրավիճակի վերաբերյալ, շրջանառում են տարբեր թեզեր՝ մեզ խանգարում է արտաքին թշնամին, ընդդիմադիրները, նախկինները և այլն, բայց, բարեբախտաբար, հայ ժողովրդի մեծամասնությունը սթափվել է և հստակ գիտակցում է, թե ինչ է տեղի ունենում երկրում»,- ասաց նա:
Լևոն Մնացականյանն ընդգծեց՝ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ գործող իշխանության հեռացումից է կախված ՀՀ ապագան:
«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հեղափոխական էյֆորիկ վիճակից հետո երկրում մի ստվար զանգված որոշել է, որ սահմանները բացվելուց հետո պետք է լքի ՀՀ-ն, ինչը մեր արտագաղթի պայմաններում խորապես վտանգավոր է»,- նշեց նա:
«Հայրենիք» կուսակցության անդամն ասաց, որ իրենք ունեն ապագայի տեսլականը, թե ինչպես պետք է փրկեն կործանվող նավը՝ Հայաստանի Հանրապետությունը. «Հիմա, ինչպես բոլոր քաղաքական ուժերը, մենք էլ հայտ ենք ներկայացրել դառնալու իշխանություն: Ներկայիս իրավիճակը էապես տարբերվում է մնացած բոլոր տարիների իրավիճակից, քանի որ այժմ ՀՀ-ն ձախողված լինելով բոլոր ոլորտներում՝ կանգնած է կոլապսի շեմին, և գալով իշխանության՝ իշխանությունը մեծ բեռ և պատասխանատվություն է վերցնելու իր ուսերին, որպեսզի չհիասթափեցնի ժողովրդին, որպեսզի կանխի ապագայում սպասվող արտագաղթի մեծ ալիքը»:
Հարցին՝ Արթուր Վանեցյանը պատրա՞ստ է, նա պատասխանեց. «Միանշանակ: Արթուր Վանեցյանն ունի պետական կառավարման համակարգում, ուժային կառույցներում մեծ փորձ, այստեղ խնդիրը պետությունը հասկանալու մեջ է: Պետության ղեկավարը պետք է լինի պետականամետ մտածելակերպ ունեցող գործիչ: Արթուր Վանեցյանին անձամբ ճանաչելով՝ կարող եմ վստահեցնել, որ նա հայրենասեր, խելացի և պետականամետ մտածելակերպ ունեցող գործիչ է, որը ՀՀ-ն իրապես տանելու է զարգացման ճանապարհով»:
Հետաքրքրվեցինք՝ 2018թ. նույն կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին չի՞ ունեցել: «Նույն կարծիքը չեմ ունեցել: 2018թ. հեղափոխությունը տեղի ունեցավ էյֆորիկ ալիքի վրա: Բոլորս էյֆորիայի տակ էինք դուրս եկել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում