Դաստակերտում ինքնասպան եղած կնոջ 5 անչափահաս երեխաները մնացել են քրոջ խնամքին. օգնության կարիք ունեն
Օգոստոսի 27-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ կախված հայտնաբերված կինը հինգ անչափահաս երեխաների մայր էր: Նրա երեխաների խնամակալությամբ այժմ զբաղվում է քույրը՝ Շողեր Մաթևոսյանը, ով ևս անչափահաս երկու երեխա ունի, իր հետ ապրում է նաև իր մայրիկը, ով երրորդ կարգի հաշմանդամ է։
Շողերը նշում է, որ այս պահին ինքն արդեն երեխաների խնամակալն է, սակայն դեռևս չեն ստացել երեխաներին հասանելիք նպաստը, և այս օրերին իրենք սոցիալապես վատ վիճակում են հայտնվել:
«Այս պահին Շողերի խնամքին 7 անչափահաս երեխա կա, նրանցից 5-ը դպրոցական են։
«Ես չեմ աշխատում, մայրս էլ 3-րդ կարգի հաշմանդամ է: Իմ նպաստով և մայրիկիս թոշակով ենք ապրում, եթե երեխաների գրանցումը ստացվի, նրանց էլ նպաստ կտան: Կողմնակի ոչ մի եկամուտ չունենք, դեռ գումարային որևէ օգնություն չի եղել: Սիսիանի քաղաքապետարանից են զանգել ու ասել, որ 80.000 դրամ կտրամադրվի: Եղել է, որ զանգել են, երեխաների հագուստի չափսերն են հարցրել, գրենական պիտույքների մասին՝ ևս: Ես երեխաների օրինական խնամակալն եմ, թուղթը ունեմ, հիմնականում հագուստ, սնունդ է պետք, եթե գումար էլ հատկացնեն մարդիկ, ապա այդ նպատակով է ծախսվելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շողեր Մաթևոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները Դաստակերտ քաղաքում չգործող կիսակառույց շինության մեջ հայտնաբերել են կնոջ կախված դի։ Պարզվել է, որ նա 5 օր առաջ ոստիկանության Սիսիանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող, 34-ամյա Արմինե Մ-ն էր։