Զարուհի Բաթոյանը փող է ուզում լրացուցիչ հաստիքների համար, Ջանջուղազյանը դեմ է
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ, ըստ որի՝ պետք է ձևավորվի համալիր սոցիալական ծրագիր։ Նախաձեռնության հետ կապված՝ Ֆինանսների նախարարությունը համաձայնել է ծրագրում տեղ գտած նպատակների ու հիմնավորումների հետ, սակայն դրա համար նախատեսվող ֆինանսական միջոցի մասով ունի վերապահումներ, հետևաբար՝ դեմ է արտահայտվել նախագծին։
Անդրադառնալով նախագծին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այն կոմիտեի նիստին քննարկել են, և Ֆինանսների նախարարը հայտնել է իր անհամաձայնությունը։
«Ընդհանուր առմամբ նախնական տարբերակով առաջարկվում էր գրասենյակ ձևավորել, և այդ հարցը վստահել են լիազոր նախարարության վերլուծությանը, և կոմիտեում համապատասխան որոշում է կայացվել, որ շարժվենք այն տարբերակով, որն առաջարկում է լիազոր նախարարությունը»,- Կառավարության այսօրվա նիստում ասաց Տիգրան Ավինյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ տեղեկացրեց, որ ինտեգրված գրասենյակի ստեղծումն արդեն ամրագրված է օրենքով, որն ԱԺ-ն հաստատել է 2020 թվականին։
«Քանի որ մենք գրասենյակը ստեղծելու ժամանակացույցի հետ կապված խնդիրներ ունենք՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Այսինքն՝ այն պետք է ստեղծվեր հոկտեմբերին, բայց մենք երեք ամիս առաջարկում ենք հետաձգել, որպեսզի կարողանանք պահպանել օրենքի դրույթը։ Այս նախագծով մենք պարզապես կարգավիճակի փոփոխություն ենք առաջարկում, որը ո՛չ բյուջեի, ո՛չ էլ հաստիքացուցակի իմաստով որևէ էական տարբերություն չի ունենում։ Քանի որ աջակցող ստորաբաժանումների խնդիր ունենք, գրասենյակը շատ ավելի կաշկանդված է, և տեխնիկական դժվարություններ կարող է առաջանալ սոցիալական համալիր ծառայությունների ստեղծման գործունեության և կայացման համար, հետևաբար՝ առաջարկում ենք ստեղծել ինքնուրույն ծառայություն, որը կգործի անկաշկանդ»,- շեշտեց Զարուհի Բաթոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում