«Բոլորն ասում են՝ քննարկվել է, բայց մենք քննարկումներից տեղյակ չենք». Գուրգեն Մելքոնյանը՝ աշխարհազորի ստեղծման շուրջ քննարկումներին չմասնակցելու մասին

Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը ողջունում է աշխարհազորի ստեղծման գաղափարը, բայց, ըստ նրա, դրա համար առաջին հերթին քննարկումներ են պետք, քանի որ կան մանրուքներ, որոնք ուշադիր պետք է ուսումնասիրվեն:

«Բոլորն ասում են՝ քննարկվել է, բայց մենք քննարկումներից տեղյակ չենք: Ոնց որ նախկին իշխանությունների ժամանակ մեզ չէին հրավիրում Պաշտպանության նախարարություն, և տենց էլ տրադիցիան շարունակվում է: «Ազատամարտիկների դաշինքում» կա մոտավորապես 30 հրամանատար, որոնք պատերազմ են անցել, ապրիլյան դեպքերին եղել են առաջնագծում, և այս մարդկանց էլ կարելի է հրավիրել, քննարկել: Ես կառաջարկեի, որ մի հատ լայն քննարկում լիներ, և հատկապես քննարկմանը մասնակցեին բոլոր վետերանական կառույցների հրամանատարները: Աշխարհազորի հետ կապված շատ կարևոր բաներ կասեին, կհուշեին, ամեն մեկը մի բան կասեին, և ընդհանուր այդ կառույցը հասկանալի կդառնար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ նախկին պաշտոնյան՝ կրկնելով, որ աշխարհազորի ստեղծման գաղափարը լավն է, հատկապես, երբ պարտադրված պատերազմի խնդիր ունենք:

«Պետք է ամեն մարդ իր տեղն իմանա պատերազմի դաշտում, թե ով ինչ է անելու: Տեսեք՝ իրենք ասում են, որ տեղական իշխանությունները դա կազմակերպեն ՊՆ-ի ենթակայության ներքո: Ես կարող եմ ասել, որ ապրիլյան դեպքերի ժամանակ աշխարհազորը ձևավորվեց ինքնաբուխ. այն հրամանատարները, որոնք պատերազմով էին անցել և հիմա հասարակական կազմակերպություններ ունեն, բոլորն իրանց ջոկատներով միանգամից հավաքվեցին ու գնացին առաջին գիծ, բայց նորից ՊՆ-ի հրամանատարության ներքո, իրանք ինքնագլուխ ոչ մի բան չեն արել: Գնացել են հավաքակայան, որտեղ ՊՆ-ն զինում էր, հագցնում և տալիս ուղղություն, թե ով որ ուղղությամբ գնա»,- եզրափակեց պաշտպանության նախկին փոխնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս