Արցախի հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական դրամով
Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական ՀՀ դրամով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ էի ստացել հաստատելու Կառավարության որոշում՝ որով սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրակրթական դպրոցների մանկավարժներին պարգևատրել 20 հազարական ՀՀ դրամով: Այսօր, այս առթիվ կայացրած որոշմանս համաձայն, նշված գումարի չափով պարգևատրում կստանան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչները, այլև դպրոցներում ուսումնաօժանդակ ծառայություններ մատուցող բոլոր աշխատակիցները: Բացի դրանից, ծրագրում կընդգրվեն նաև մեր Հանրապետության արվեստի, երաժշտական և սպորտի դպրոցների ուսուցիչներն ու մարզիչները»,- գրել է նախագահը:
Պարգևատրումը կիրականացվի հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ, իսկ հայտերը պետք է ԱՀ Ֆինանսների նախարարություն ներկայացնել մինչև նշված ժամկետը: