Հայաստան-Էստոնիա․ անհրաժեշտ միավորներ հավաքականի համար
Մրցաշար-Ազգերի լիգա
Վայր-Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ
Ժամ-20։00
Ազգերի լիգայի երկրորդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Էստոնիայի ազգային ընտրանուն։
Հայաստան
Հայաստանի ազգային հավաքականն ամբողջ պատմության ընթացքում երբեք չի կարողացել դուրս գալ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ: Ազգային հավաքականի վերջին ընտրական փուլն անցավ ստանդարտ սցենարի համաձայն՝ երեք հաղթանակ և ոչ-ոքի, ինչը բերեց 10 միավորի և նախավերջին տեղին Իտալիայի, Հունաստանի և Ֆինլանդիայի հետ խմբում:
Ազգերի լիգայի առաջին խաղարկության D լիգայի 4-րդ խմբում հավաքականը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ հինգ միավոր զիջելով հաղթողին: Նոր առաջնությունում առաջին խաղն ավարտվեց Հյուսիսային Մակեդոնիայից արտագնա պարտությունում (1:2), չնայած, իրականում, թիմին խանգարեցին 2 տասնմեկ մետրանոցները, որոնցից մեկը բավականին կասկածելի էր։
Հայաստանի հավաքականը ոչ մի կերպ չի կարողանում հաղթել արդեն 4 խաղ անընդմեջ։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշում է, որ երկու թիմերն էլ խաղում են նման տակտիկայով։
«Երկու թիմերն էլ նմանատիպ տակտիկական սխեմայով են խաղում՝ 4-4-2, և բնական է, որ երկու թիմերն էլ փորձելու են բավական շատ գոլային պահեր ստեղծել: Շատ կարևոր է մեզ համար, որ հուսալի գործենք պաշտպանությունում և օգտագործենք մեր գոլային պահերը:
Նորեկները շատ են, և ես ուրախ եմ, որ ունեմ ընտրության հնարավորություն: Կփորձենք անել ամեն ինչ, որ Հայաստանի ազգային հավաքականը լավ խաղա:
Մենք լի ենք խանդավառությամբ, և պետք է հստակ պատկերացնել, թե ինչ է պետք անել խաղադաշտում, երբ տիրում ես գնդակին»:
Էստոնիա
Հաղթանակների հետ կապված վիճակն Էստոնիայի մոտ նույնիսկ ավելի վատն է: Թիմը շարունակում է մնալ առանց հաղթանակների, իսկ շարքը շատ ավելի լուրջ է՝ 9 հանդիպում անընդմեջ:
Ազգերի լիգայի առաջին տուրում հյուրերը նվազագույն հաշվով պարտվեցին վրացիներին: Դա չորրորդ անընդմեջ պարտությունն էր: Ավելի վաղ թիմը 5:0 հաշվով պարտվել էր Հոլանդիային, 1:0 հաշվով՝ Ուկրաինային, 3:0 հաշվով՝ Գերմանիային:
Պետք է ավելացնել, որ Էստոնիայի հավաքականը վերջին վեց հանդիպումներում գոլ չի խփել: Մրցակիցները հիմնականում լուրջ էին, բայց միևնույն ժամանակ Բելառուսին և Վրաստանին նրանք կարող էին գոնե մեկ անգամ խփվել:
Արժե ավելացնել նաև, որ էստոնացիները վերջին վեց արտագնա խաղերում միայն մեկ հաղթանակ են տարել:
Էստոնիայի հավաքականը, ինչպես մրցակիցը, երբեք չի մասնակցել Եվրոպայի և աշխարհի առաջնությունների վճռական հանդիպումներում: Եվրո-2020-ի ընտրական վերջին մրցաշարում հյուրերը կարողացան միայն 1 միավոր վաստակել՝ Բելառուսի հետ ոչ-ոքի խաղալով (0:0): Ելույթի արդյունքը խմբում վերջին տեղն էր և 26 բաց թողած գնդակը:
Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Վուլաիդը նշում է, որ դժվար խաղ է սպասվում։ Ըստ նրա, երկու թիմերն էլ այս խաղում հնարավորություն ունեն միավորներ վաստակելու և պետք է դա անեն, քանի որ պարտվել են առաջին խաղում։
«Մենք ամեն ինչ կանենք հաղթելու համար։ Ուզում ենք անպայման հաջողության հասնել։ Հայաստանի հավաքականը լավ թիմ ունի, չնայած Մխիթարյանի նման աստղային ֆուտբոլիստի բացակայությանը»։
Վիճակագրություն
Էստոնիան վերջին 9 հանդիպումներից 8-ում պարտվել է
Հայաստանը երբեք չի հաղթել ընդհանուր հանդիպումներում
Հայաստանը վերջին 4 տնային հանդիպումներից 2-ում հաղթել է
Վերջին անձնական հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (0:0)
Երկու թիմերն էլ դժվարությամբ են ստեղծում և հատկապես իրացնում գոլային պահերը։ Խնդիրը հատկապես զգացվում է Էստոնիայի հավաքականի դեպքում, որը համեմատաբար լավ է խաղում սեփական հարկի տակ։ Այնպես որ, հնարավոր է, որ այս խաղում շատ գոլեր չլինեն։ Մյուս կողմից, Հայաստանի հավաքականում շատ են նորեկները, ովքեր ուզում են արդարացնել իրենց։ Հայաստանի հավաքականն այս խաղում իրավունք չունի միավորներ կորցնելու, եթե ցանկանում է պայքարել խմբում հաղթելու համար։
Հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը՝ Դևիդ Կուտեի գլխավորությամբ: Նրան կօգնեն իր հայրենակիցներ Լի Բեյթսը և Կոնստանտին Հացիդակիսը: Չորրորդ մրցավարն է Ստյուարտ Աթվելը՝ նույնպես Անգլիայից: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Օլժաս Աբրաևը Ղազախստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Վիլյամ Յանգը Շոտլանդիայից:
Սիրարփի Աղաբաբյան