Բաժիններ՝

Հնդկաստանը Չինաստանին մեղադրել է Լադակհի վերահսկողության գծում հրաձգության մեջ

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զինվորները մի քանի անգամ օդ են կրակել՝ սեպտեմբերի 7-ին փորձ անելով հնդկական բանակի առաջնադիրքերից մեկին մոտենալ Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ Լադակհի սահմանային տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:

«Հենց Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակն է կպտորեն խախտում պայմանավորվածությունները եւ ագրեսիվ զորաշարժեր անցկացնում այն դեպքում, երբ ռազմական, դիվանագիտական եւ քաղաքական մակարդակներով փոխգործակցությունը շարունակվում է: Այս դեպքում 2020 թվականի սեպտեմբերի 7-ին Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զորքերը փորձել են մեր առաջնադիրքերից մեկին մոտենալ փաստական վերահսկողության գծի երկայնքով եւ …մի քանի կրակոցներ արձակել օդում՝ փորձելով վախեցնել մեր զորքերին»,-ասվում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Ռազմական գերատեսչությունում նաեւ նշել են, որ «ոչ մի փուլում հնդկական բանակը չի անցել փաստական վերահսկողության գիծը եւ ագրեսիվ ոչ մի միջոցի չի դիմել, ներառյալ հրաձգությունը»:

Հնդկաստանի եւ Չինաստանի միջեւ Լադակհի սահմանային տարածաշրջանում իրադրության սրումն սկսվել էր դեռ մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջեւ մի շարք հակամարտություններ տեղի ունեցան բարձրլեռնային Պանգոնգ Ցո լճի շրջանում:

Դրանից հետո երկու երկրներն ուժեղացրել էին ռազմական ներկայությունը փաստական վերահսկողության գծի մոտ, որը Լադակհում փոխարինում է սահմանին: Լարվածության նոր ալիքներ են սկսվել հունիսի 15-ի երեկոյան, որի հետեւանքով հնդկական կողմից 20 զինվոր է զոհվել, չինական կողմից զոհվածների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի հրապարակվել:

Իրադրության եւս մեկ սրում է տեղի ունեցել օգոստոսի 29-30-ին, ինչպես նաեւ օգոստոսի 31-ին:

Ինչպես հաղորդել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարներն արտահայտվել են սահմանամերձ հարցի խաղաղ կարգավորման օգտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս