«Մարդիկ ասում են՝ հավաքիր «վեշերդ» ու գնա այս երկրից, իսկ իրենք ասում են՝ չէ, մենք պետք է մնանք ու «զոռով» բարեգործություն անենք». Նարեկ Մալյան

«Սորոսի» դեմ պայքարը միայն մեր կազմակերպության շրջանակներում չէ, այն վաղուց արդեն դուրս է եկել «ՎԵՏՕ»-ի գրասենյակի տիրույթից, հանրությունն արդեն հասկացել է այդ գրասենյակի իրական նպատակները: Գրասենյակը, որն իրեն հայտարարում է բարեգործական՝ վայելում է գրեթե ամբողջ հանրության զզվանքն ու ատելությունը: Ամբողջ հանրությունը զզվում և ատում է այդ գրասենյակը և իր շահառուներին: Մարդիկ ասում են՝ մի՛ արա քո այդ բարեգործությունը, ընկեր ջան, հավաքիր «վեշերդ» ու գնա այս երկրից, իսկ իրենք ասում են՝ չէ, մենք պետք է մնանք ու «զոռով» բարեգործություն անենք»,- ասուլիսի ժամանակ ասաց  «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

««Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի ղեկավարն իր կողմից ֆինանսավորվող այս լրատվամիջոցից վազում է մյուսը՝ մենախոսելու, այն դեպքում, որ շուրջ 1.5 տարի է՝ այդ մարդուն հրավիրել եմ հրապարակային բանավեճի: Եթե ասելիք կա, եկեք՝ ասեք, մեզ էլ սխալ հանեք՝ ներողություն խնդրենք, գնանք, ոչ թե  մենախոսեք ձեր կողմից ստեղծված, ֆինանսավորվող լրատվամիջոցների տաղավարներում»,- հավելեց Նարեկ Մալյանը:

Նա հիշեցրեց, որ դատական գործընթացի մեջ է «Ռեստարտ»-ի հետ:

«Ինչպես գիտեք՝ մենք դատական գործընթացի մեջ ենք «Սորոսի» կողմից ստեղծված և ֆինանսավորվող «Ռեստարտ» խուլիգանախմբի հետ, և դրա կարևորությունն այն է, որ մենք առաջին անգամ ցույց տվեցինք, որ «ոչ բռնությանը», «խաղաղության բոլորին» կոչերը, որ անում է գրասենյակը, ոչ այլ ինչ է, քան կեղծիք և սուտ: Պետք եղած ժամանակ իրենց ձեռքերով կարողանում են բռնության դիմել: «Սորոսի» գրասենյակի փակման, սորոսականների վռնդման հարցը Հայաստանում քաղաքական օրակարգի հարց է: Հաջորդ ընտրություններին քաղաքական ուժերը ստիպված են լինելու արդարանալ կամ հավաստիացնել իրենց ընտրողներին, որ իրենք կապ չունեն «Սորոսի» հետ:

«Սորոսին» պաշտպանելը, կապ ունենալը քաղաքական ուժերի համար լինելու է ընտրողների ձայները կորցնելու հիմք»,- եզրափակեց Նարեկ Մալյանը:

Տեսանյութեր

Լրահոս