Իշխանության հովանու ներքո գտնվող, անկախ համարվող պատգամավորի՝ ազգամիջյան թշնամանք հրահրող հայտարարությանը որևէ արձագանք չեղավ. Բորիս Մուրազի
Politik.am լրատվական կայքի խմբագիր Բորիս Մուրազին այսօր տեղեկացրեց, որ Արման Բաբաջանյանի գրառման հարցով դիմել են ԱԺ՝ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու խնդրանքով, քանի որ իրենց համար անհասկանալի է եղել գրառման նպատակը:
«Դիմում ենք ներկայացրել ԱԺ խմբակցություններին՝ մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին, ինչպես նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, արձագանքը եղել է միայն ԲՀԿ-ից, այս պահին դիմում չի լինի, քանի որ ընթացակարգ կա, որն իշխանությունները կարող են խափանել: Մենք կսպասենք, եթե չեմ սխալվում՝ իշխանությունները նախաձեռնություն ունեն, որ Էթիկայի հանձնաժողով ձևավորվի»,- ասուլիսի ժամանակ ասաց Բորիս Մուրազին:
Նրա խոսքով՝ այս խնդիրը ևս մեկ անգամ ցույց է տալիս իշխանությունների երկակի մոտեցումները:
«Հիշեցնեմ, որ «Սորոսի» գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը դիմել էր Ալեն Սիմոնյանի հարցով Էթիկայի հանձնաժողով ձևավորելու խնդրանքով, որին արձագանքեցին իշխանական շատ պատգամավորներ, բայց իշխանության հովանու ներքո գտնվող, անկախ համարվող պատգամավորի՝ ազգամիջյան թշնամանք հրահրող հայտարարությանը որևէ արձագանք չեղավ: Եթե հանձնաժողով չձևավորվի՝ իշխանությունն այդ հայտարարությանը գնահատական չտա, կարող ենք ընդունել, որ դա նաև իշխանության հայտարարությունն է, և իրենք միանում են դրան»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հուլիսի 20-ի երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով.
«Ձեր գլուխների վրայով կանցնենք ճանապարհը մեր, ձեր ատամներով կլցնենք փոսերն այդ ճամփի, ձեր մարմիններին կափսոսենք մեր ոտքերը սրբել, բայց կանցնենք մեռնելով ապրելու ճանապարհը մեր երկրի: Ու թող մեկը կասկածի, թող մեկը կասկածի, հայ լինի, թե եզդի»։
Գրառումից անմիջապես հետո, երբ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկումներ են ծավալվել, Բաբաջանյանը գրառումը հեռացրել է իր էջից: