Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը՝ ՍԴ-ի «ասողներ». նրանք այցելել են կառավարություն. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ներկայումս ՍԴ-ում բավականին հախուռն իրավիճակ է, քանի որ դեռեւս վերջնական հստակեցված չէ, թե ՍԴ դատավորներից, ովքեր են վերջնականապես լքում իրենց զբաղեցրած պաշտոնը, կամ լքում են, թե ոչ, ովքեր են ընտրվելու եւ այլն։
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՍԴ-ում ներկա փուլում երկու դատավորներ իրենք իրենց «ասող» են հռչակել եւ փորձում են կոորդինացիա իրականացնել. խոսքը Վահե Գրիգորյանի եւ Արման Դիլանյանի մասին է։ Թերթի՝ ՍԴ աղբյուրը հաղորդել է, որ անցած տարի իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանը հիմա փորձում է աստիճանաբար նորից դերի մեջ մտնել։
Ավելին, մեր կառավարական աղբյուրը վստահեցրեց, որ Վահե Գրիգորյանը վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի հաճախականությամբ այցելում է կառավարություն. ի դեպ, այցերը տեղի են ունեցել հետաշխատանքային ժամերին։ Մեր զրուցակցի փոխանցմամբ, վերջին այցերից մեկի ժամանակ նրան ուղեկցել է նաեւ Դիլանյանը, իսկ շատ կարճ ժամանակ անց կառավարություն է եկել նաեւ փաստաբան Տիգրան Եգորյանը։
Ըստ նույն աղբյուրի, կառավարության շենքում հիշյալ անձինք բավական երկար են մնացել եւ միասին են լքել այն։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ այդ հանդիպման ժամանակ ոչ միայն ՍԴ հարցերն են քննարկվում, այլեւ Մարտի 1-ի հետ կապված դատավարության ընթացքին առնչվող հարցեր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: