Համավարակի օրերը լավագույն ժամանակաշրջանն են եղել Հայաստանի կրթական համակարգում. Սուրեն Ալոյան
Համավարակի օրերը լավագույն ժամանակաշրջանն են եղել Հայաստանի կրթական համակարգում վերջին 30 տարվա ընթացքում, երբ մանկավարժները՝ երիտասարդից մինչև ավագ սերնդի ներկայացուցիչ, հաշված օրերի ընթացքում աշակերտների հետ միասին սովորեցին հեռավար կրթության տեխնոլոգիաները։ Այս գնահատականը «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշարջանում» նախագծի շրջանակում ներկայացրեց «Դասարան» կրթական ծրագրի (dasaran.am) հիմնադիր-նախագահ Սուրեն Ալոյանը։
Նրա տվյալներով՝ Հայաստանում աշխատում է 34,7 հազար ուսուցիչ, որոնց 45 տոկոսը 51 և ավելի տարեկան են։ «Համակարգիչը նրանց համար խնդրահարույց էր։ Եթե նախկինում ուսուցիչների մեծ մասը չգիտեր, թե Google-ն ինչ է, այսօր նրանք ձեզ ցույց կտան արդեն բազմաթիվ հարթակներ, որոնցից նրանք օգտվում են, դասեր են վերցնում, ուղարկում աշակերտին։ Ու ամենաուրախալին այն է, որ դա դուր էր գալիս նրանց, նրանք վերջապես ազատ էին իրենց ընտրության մեջ. ոչ ոք նրանց չէր դրել սահմանափակման մեջ, չէին ասում՝ այս ծրագրով, այս ժամին սա պետք է սովորեցնես։ Ուսուցիչն ազատ էր, և օգտագործում էր լայն կրթական հորիզոնն իր դասը ձևավորելու համար»,- նշեց «Դասարան»-ի ղեկավարը։
Համավարակի օրերի դասապրոցեսին լայնորեն ներգրավված են եղել նաև ծնողները, որոնք, Սուրեն Ալոյանի խոսքով, տնից հետևում էին դասապրոցեսին և հասկացան, թե ինչ ծավալի աշխատանք է կատարում ուսուցիչը, ինչպիսին են իրենց երեխաները դասարաններում, ինչպես են իրենց դրսևորում։
Պատասխանելով հարցին, թե «Դասարան»-ը համավարակի օրերին ինչպես նպաստեց Հայաստանում հեռավար կրթության զարգացմանը, նա նշեց, որ այն դեռ 2019-ի դեկտեմբերից սկսեց ներդնել LMS համակարգը (Learning Management System), ինչպես նաև միակն էր Հայաստանում, որ համագործակցություն սկսեց Zoom-ի հետ, և ինտեգրեց այդ հարթակը dasaran.am-ին։ Դրա շնորհիվ այդ կայքի օգտատեր ուսուցիչը պետք է ընդամենը բացեր կոնֆերանս-զանգը, և նրա բոլոր աշակերտները ծանուցում էին ստանում, որ ուսուցիչն որոշակի ժամին իրականացնելու է կոնֆերանս-զանգ։ Ուսուցիչը հնարավորություն ուներ նյութեր, տեսադաս պատրաստել, այն և օժանդակող նյութերը տեղադրել dasaran.am-ում, հետո տեղադրել հարցաշար, որպեսզի ավտոմատ վերլուծության միջոցով հասկանա, թե օրվա դասը որքանով է ընկալվել աշակերտների կողմից։ Դրանից հետո ուսուցիչը տալիս էր տնային հանձնարարություն dasaran.am-ի «Օրագիր» բաժնում. ընտրում էր դասը, հավելյալ նյութերը, հղումը կցում էր և ուղարկում տնային հանձնարարությունը։ Բացի այդ, «Դասարան»-ը մարտին գործարկեց իր ծրագրի մոբայլ տարբերակը։ «Երբ մարտին դասապորցեսը դադարեցվեց, «Դասարան»-ն ուներ պատրաստի այնպիսի գործիք, որը հետագայում ճանաչվեց լավագույն աշակերտական հեռավար կրթության և կառավարման համակարգ աշխարհով մեկ՝ համեմատվելով Lego Education, Dicovery, Power School ընկերությունների բրենդերի հետ»,- ընդգծեց Սուրեն Ալոյանը։
Նա անդրադարձավ դպրոցների հետ համագործակցության շրջանակին՝ նշելով որ «Դասարան» ծրագրում դպրոցների լայն ընդգրկումն ապահովելու նպատակով դեռ 2016-ի նոյեմբերին այն ժամանակ կրթության և գիտության նախարարության հետ կնքվել է հուշագիր։ «Մենք համագործակցել ենք Հայաստանի և Արցախի բոլոր հանրակրթական դպրոցների հետ։ Այս պահին նույնպես շարունակում ենք մեր համագործակցության առաջարկը ներկայացնել բոլոր հանրակրթական դպրոցներին»,- տեղեկացրեց ծրագրի ղեկավարը՝ հավելելով, որ պետությունը պետք է շահագրգռված լինի, որ յուրաքանչյուր դպրոց լիարժեք կիրառի «Դասարան»-ի հնարավորությունները, քանի որ ծրագրի հավաքագրած տվյալների հսկայական շտեմարանը պետությանն անհրաժեշտ է տվյալահեն քաղաքականություն մշակելու համար։ Այդ շտեմարանի շնորհիվ է, որ կարելի է պատկերացում կազմել, թե ինչու է որևէ մարզի առաջադիմությունը որոշակի առարկայի գծով ավելի բարձր, կամ, ընդհանրապես, Հայաստանի աշակերտների որ մասի առաջադիմությունն է բարձր բնագիտական կամ հումանիտար առարկաների գծով։
Սուրեն Ալոյանը հավաստեց, որ «Դասարան»-ի տվյալները թարմացվում են իրական ժամանակի ռեժիմում։ «Երբ ծրագրի յուրաքանչյուր շահառու՝ ուսուցիչ կամ դպրոցի տնօրեն, ով ունի հասանելիություն և իր աշխատանքային միջավայրը մեր կայքում, որևէ նոր տեղեկատվություն է մուտքագրում, համակարգն ավտոմատ անմիջապես վերլուծում է և իրական ժամանակի ռեժիմում առաջարկում նոր տվյալները։ Այդ պահին, օրինակ, հեռախոսով կարող ես տեսնել, որ որևէ դպրոցից աշակերտը տեղափոխվեց մեկ այլ դպրոց, կամ այս օրվա դրությամբ քանի աշակերտ է մարզերից գնացել Երևան՝ իրենց կրթությունը շարունակելու»,- պարզաբանեց Սուրեն Ալոյանը։
Անդրադառնալով dasaran.am այցելությունների ցուցանիշին՝ նա հայտնեց, որ եթե նախկինում լինում էր օրական 200-300 հազար այցելություն, ապա համավարակի ժամանակաշրջանում և հեռավար դասերի շրջանակում, երբ դպրոցների մեծ մասն օգտագործում էր «Դասարան»-ի հնարավորությունները և ծրագրի շրջանակում գեներացվեց 41 հազար տեսադաս, այն ունենում էր վայրկյանում 60-70 հազար այցելություն 8-10 ժամի հատվածում։ «Այցելությունների թիվը հասնում էր օրական 700-800 հազարի։ Բիզնեսի տեսանկյունից, կարելի է ասել, որ սա հեռավար կրթության կամ LMS՝ մեր համակարգերի ժամանակաշրջանն էր ամբողջությամբ, առցանց հարթակների և հատկապես կրթական ծառայությունների համար թռիչքային ժամանակաշրջան էր»,- ընդգծեց ծրագրի ղեկավարը։ – «Դասարան» հարթակով սկսեցին հետաքրքրվել աշխարհի բազմաթիվ վայրերում, այն բազմաթիվ անվանակարգեր շահեց այս կարճ ժամանակաշրջանում աշխարհի մակարդակով, որովհետև կարողացել էր ստեղծել մեկ միասնական համակարգ, որը ամբողջ պետություն է ծածկում»։
Նա կարևորեց dasaran.am-ի տեղեկատվական անվտանգության ապահովումը՝ նշելով, որ ծրագիրը տվյալների, սերվերների, համակարգային անվտանգության ոլորտներում նախատեսում է համագործակցել «Կասպերսկի»- ընկերության հետ՝ որպես կիբեռպաշտպանության լավագույն լուծումների մատակարարի։ «Դա բավական լուրջ հարց է, որովհետև «Դասարան»-ն այսօր Հայաստանում տվյալների ամենամեծ տվյալների շտեմարան հավաքագրող և վերլուծող կառույցներից մեկն է։ Մենք այս պահի դրությամբ ունենք 1,2 մլն գրանցված բաժանորդ։ Եվ երբ 2019-ի սկզբին ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը վարույթ բացեց «Դասարան»-ի նկատմամբ՝ ուսումնասիրելու, թե որքանով են անվտանգ այն բոլոր տվյալները, որոնք մենք այնտեղ պահպանում ենք, պարզվեց, որ այն, հանդիսանալով նաև Եվրամիության գործընկեր, համապատասխանում է անվտանգության բարձր միջազգային պայմանների»,- տեղեկացրեց Սուրեն Ալոյանը՝ նկատելով, որ, մասնավորապես, Ապրիլյան պատերազմի օրերին dasaran.am-ը կարողացել է դիմակայել հզոր DDoS-գրոհների։
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն