«Կարմիր խաչը» դեռ չի այցելել Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին․ Աննա Նաղդալյան
«Միայն այս տարվա ընթացքում ՀՀ իրավասության ներքո են հայտնվել Ադրբեջանի երկու քաղաքացի։ Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը նրանց նկատմամբ չի իրականացնում քրեական հետապնդում»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին և քայլերին, որոնք ՀՀ-ն է ձեռնարկում նրան ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։
Աննա Նաղդալյանը նախ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ «Կարմիր խաչի» ներկայացուցիչների այցելություն տեղի չի ունեցել, և այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում Բաքվի «Կարմիր խաչի» հետ՝ գրասենյակի ներկայացուցիչների այցը կազմակերպելու ուղղությամբ և, հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- ասաց Նաղդալյանը։
Հարցին, թե արդյո՞ք դիտարկվում է՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով ռազմագերիների փոխանակման հնարավորությունը՝ ԱԳՆ խոսնակը պատասխանեց, որ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, որը միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է։
Նա հայտարարեց, որ Հայաստանում ռազմագերիներ չկան, ընդ որում, Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են վերագրվում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ, ՀՀ քաղաքացիներն Ադրբեջանում որևէ հանցագործություն չեն իրականացրել, և նրանց հանդեպ շինծու քրեական գործերի հարուցումը կոպիտ խախտում է։
«Միայն այս տարվա ընթացքում ՀՀ իրավասության ներքո է հայտնվել Ադրբեջանի երկու քաղաքացի։ Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանը նրանց նկատմամբ չի իրականացնում քրեական հետապնդում, չի դարձնում վերջիններիս ռազմագերի, լիարժեքորեն հարգում է նրանց մարդու իրավունքները։ Գիտենք, որ Ադրբեջանը փորձում է ետ վերցնել իր երկու մարդասպաններին, որոնք իրենց պատիժը կրում են Արցախի Հանրապետությունում ԱՀ անչափահաս քաղաքացի Սմբատ Ցաքանյանի սպանության համար, և այս մասով պետք է նշեմ, որ անչափահասին կյանքից զրկելը ծանր հանցագործություն է բոլոր հասարակություններում, անկախ նրանից՝ դա իրականացվել է հակամարտության գոտո՞ւմ, թե՞ այլուր»,- նման տեսակետ հայտնեց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշանիկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իրականացվելու է ծառայողական քննություն: