««Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցի արդյունքներն այնպիսին էին, որ բավարար հիմք էին տալիս դեպքի առթիվ քրեական վարույթ հարուցելու համապատասխան գրություն ուղարկել իրավասու մարմիններին». ՄԻՊ աշխատակից
«Օգոստոսի 24-ին, մինչ լրատվամիջոցներով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տարածումը, մենք ունեցել ենք ահազանգ: Դրա շրջանակներում արագ արձագանքման խումբն անմիջապես մեկնել է «Նուբարաշեն» ՔԿՀ: Ընթացքում ահազանգ ենք ստացել նաև փաստաբանի կողմից, ով ներկայացրել է, որ քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած խուզարկության ընթացքում անձանց նկատմամբ ոչ համաչափ ուժ է գործադրվել: Առանձնազրույց ենք ունեցել այդ խցում դեպքի օրը գտնված բոլոր անձանց հետ: Ընդ որում, այդ անձանցից մեկը գրավոր դիմում-բողոք է ներկայացրել ՄԻՊ-ին»,- «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ՝ քրեական ենթամշակույթի միջոցո՞վ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը:
Նա նույնպես նշեց, որ այդ անձանց վնասվածքները, այցի արդյունքներն այնպիսին էին, որ բավարար հիմք էին տալիս դեպքի առթիվ քրեական վարույթ հարուցելու համապատասխան գրություն ուղարկել իրավասու մարմիններին, տվյալ դեպքում՝ գլխավոր դատախազություն, ինչը և արվել է նույն օրը՝ երեկոյան, ՄԻՊ-ի կողմից այցի արդյունքներն ամփոփելուց հետո:
«Այս պահին տեղեկություն ունենք, որ գլխավոր դատախազի կողմից նշված դեպքով թե մեր գրությունը, թե ազատազրկված անձի կողմից հաղորդումը հանցագործության մասին ուղարկվել է ՔԿԾ»,- ասաց ՄԻՊ աշխատակիցը՝ նշելով, որ գրություն են ներկայացրել նաև ԱՆ-ին, որտեղ մանրամասն հարցադրումներ են ներկայացված, և, ցավոք, այս պահի դրությամբ պատասխան դեռ չունեն:
Արամ Մինասյանը նշեց, որ այցելություն են կատարել նաև «Արթիկ» ՔԿՀ Պաշտպանի հանձնարարությամբ, ու այնտեղ նույնպես պնդումներ են եղել, որ ՔԿԾ ծառայողների կողմից կիրառվել է ոչ համաչափ ուժ:
«Մենք ողջունում ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի՝ պետության որդեգրած քաղաքականությունը, բայց պետք է նշեմ, որ միայն օրենքում փոփոխություն կատարելը բավարար չէ, որ այդ ենթամշակույթի դեմ տարվող պայքարը լինի արդյունավետ: Դրա հետ կապված՝ կցանկանայի տեղեկացնել, որ դեռևս 2018թ. ՄԻՊ կողմից հրապարակվել է զեկույց, հայեցակարգ ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի վերաբերյալ, որտեղ մանրամասն ներկայացվել են թե մշտադիտարկման արդյունքները, ստացված բողոքները, թե լուծումները: Դրանք պետք է կոմպլեքս ու համակողմանի դիտարկել, և միայն օրենք փոխելը կարող է արդյունավետ չլինել»,- ասաց Արամ Մինասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում