ՊԵԿ-ի ուշացած գնումը. ինչի՞ համար է ՊԵԿ-ն օդորակիչներ գնել
Օրեր առաջ 168.am-ը գրել էր, որ ՊԵԿ-ը նախաձեռնել է օդորակիչների գնում: Ինչպես և խոստացել էինք նյութում, առաջիկա աշխատանքային օրը կապ ենք հաստատել ՊԵԿ-ի լրատվական բաժնի հետ՝ պարզելու, թե ինչի՞ համար են դրանք նախատեսված. եթե դրանք շենքը հովացնելու համար են, ապա ինչո՞ւ է գնումը կազմակերպվում ձմռանն ընդառաջ, եթե՝ ջեռուցման, ապա արդյոք կոմիտեն այլ կերպ չի՞ ջեռուցվում: Մեզ առաջարկեցին հարցերն ուղարկել գրավոր: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ Գործերի կառավարման վարչության պետ Արթուր Վանցյանը հայտնում է, որ օդորակիչները օդորակման և հովացման համար են, պարզապես գնումը, համավարակով պայմանավորված, ուշացել է, բայց, անկախ ժամանակահատվածից, տեղի ունեցել է, քանի որ անհրաժեշտ է եղել: Դրանք նախատեսված են ոչ թե ՊԵԿ գլխավոր մասնաշենքի, այլ նոր վարչական շենքերի կահավորման համար:
«ՊԵԿ-ի կողմից 2020 թվականի կարիքների համար պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել է տարբեր հզորություն ունեցող թվով 100 հատ օդորակիչների գնում:
Հաշվի առնելով ժամանակակից աշխարհի համար նոր սպառնալիք ճանաչված կորոնավիրուսի համաճարակը, որի պատճառով դադարեցվել կամ մասնակի սահմանափակվել են արտադրողների կողմից պլանավորված մատակարարումները, ինչպես նաև ՀՀ ողջ տարածքում մի շարք ընկերությունների գործունեության դադարեցված կամ մասնակի դադարեցված լինելու հանգամանքը՝ ՀՀ ՊԵԿ-ն օդորակիչների գնման գործընթացն իրականացրել է նախատեսվածից ավելի ուշ:
Սակայն, հաշվի առնելով օդորակիչների ձեռքբերման անհրաժեշտությունը, որը պայմանավորված է ՀՀ ՊԵԿ-ին պատկանող նոր վարչական շենքերի կահավորմամբ (սենյակների օդորակման և հովացման նպատակով)՝ 2020 թվականի հունիսի 30-ին հրապարակվել է ՊԵԿ-ԳՀԱՊՁԲ-20/11 ծածկագրով տարբեր հզորություն ունեցող թվով 62 հատ օդորակիչների գնման գործընթաց: Գնման գործընթացի 3-րդ չափաբաժնի մասով 2020թ.-ի հուլիսի 29-ին կնքվել է օդորակիչների մատակարարման գնման պայմանագիր, իսկ գնման գործընթացի 1-ին և 2-րդ չափաբաժինները, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, հայտարարվել են չկայացած՝ մասնակցի կողմից հայտով ներկայացված գինը գերազանցել է ՀՀ ՊԵԿ 2020 թվականի գնումների պլանով հաստատված նախահաշվային գնին»:
Չկայացած չափաբաժինների համար գնման նոր գործընթաց է հայտարարվել, որը նույնպես հայտարարվել է չկայացած, քանի որ մասնակիցների ներկայացրած հայտով գինը կրկին գերազանցել է ՀՀ ՊԵԿ 2020 թ. գնումների պլանով հաստատված նախահաշվային գնին: