Բանակցային նոր ռաունդ է պլանավորվում Մնացականյանի և Բայրամովի միջև․ ինչո՞վ կավարտվի Լավրովի նոր փորձը

Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր ներդնել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, վերջին օրերին ինտենսիվ շփումներ ծավալելով Ադրբեջանի Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանի ԱԳ նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովը կատարեց իր երկրորդ պաշտոնական այցը։ Օգոստոսի 26-ին Մոսկվայում կայացել է նրա առաջին հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և բանակցություններն Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետև հանդիպումը շարունակել երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպման արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում։

Լավրովը տեղեկացրել է, որ Բայրամովի հետ բավականաչափ մանրամասն քննարկել են արցախյան հակամարտությունը՝ նշելով, որ բոլորը միտված են աշխատել հակամարտության կարգավորման գործընթացի շարունակականության ապահովման ուղղությամբ։ Ուստի, ռուս նախարարի համոզմամբ, անհրաժեշտ է ստեղծել մթնոլորտ՝ բանակցությունների կայուն գործընթացն ապահովելու համար։ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ամեն կերպ կօգնի ստեղծել այդպիսի պայմաններ։ Լավրովը նաև նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար ինտենսիվ բանակցությունները չէին խանգարի։ Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում էին հաջորդ ամիս տարածաշրջան այցելել։

«Նախատեսվում էր նաև նախարարների շփում կազմակերպել։ Այդ ծրագրերի իրականացման համար պետք է կարգավորել իրավիճակը, այդ թվում՝ դադարեցնել միջադեպերն արդեն ոչ միայն՝ Ղարաբաղի ու հարակից շրջաններում, այլև՝ հայ-ադրբեջանական ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք, որ հուլիսին տեղի ունեցածն այլևս չի կրկնվի»,- ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարը նաև ասել է, որ ԵԱՀԿ համանախագահությունը մշակել է մի շարք փաստաթղթեր` տարբեր մոտեցումների մանրամասներով, բայց միասնական մոտեցում չկա։

Նրա խոսքով՝ կա լուրջ բազա, և ցավալի կլիներ այն կորցնելը։ Լավրովը նշել է, որ պետք է խնդիրները լուծել` հիմնվելով այն սկզբունքների վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի Կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում։

Լավրովի կարծիքով՝ ինտենսիվ բանակցությունների համար նախ հարկավոր է համապատասխան մթնոլորտ ձևավորել։

Իր հերթին՝ Բայրամովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց առայժմ չի նկատվում, Բաքվում հույս ունեն, որ ՌԴ-ն իր ակտիվ դերակատարումը կունենա հակամարտության կարգավորման հարցում։ «Մենք մեծ հույսեր ենք կապում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարման հետ։ Ցավով ստիպված եմ արձանագրել, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի նկատվում»,- ասել է նա՝ հավելելով, որ «Հայաստանը շարունակում է օկուպացիայի տակ պահել մեր երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքների 20 տոկոսը»:

Ավելի վաղ նա համանախագահներից երաշխիքներ էր պահանջել այն հարցի վերաբերյալ, որ Հայաստանը վարելու է, այսպես կոչված, առարկայական բանակցություններ։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Բայրամովի մոսկովյան այցին զուգահեռ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարար Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության կարևորությունը։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև մտքեր են փոխանակել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ։ Հիշեցնենք, որ ըստ էության զուգահեռաբար Ադրբեջանում էր ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով Ադրբեջանում փորձում էր «փարատել Ալիևի՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ ունեցած մտահոգությունները» և շարունակել զարգացնել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մինչ Բաքու մեկնելը Մոսկվայում Շոյգուն հանդիպել էր ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հետ։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը փորձեց մեկնաբանել, թե ինչ ծրագրեր ունի Մոսկվան Արցախյան հիմնահարցի կարգավորման ներկայիս փուլում, և ինչ է կատարվում Մոսկվա-Բաքու առանցքում այժմ։ Ալեքսանդր Սկակովն ասաց, որ արտառոց ոչինչ ըստ էության տեղի չի ունենում․ տեղի է ունենում այն, ինչ երևի թե սպասելի էր տավուշյան սահմանային բախումներից հետո։ Մոսկվան, որն առանցքային միջնորդ է, փորձում է կողմերի միջև շփման եզրեր գտնել և նրանց նստեցնել բանակցային սեղանի շուրջ։ Այսինքն, նրա խոսքով, Մոսկվան փորձում է բանակցային նոր ռաունդ սկսել՝ անկանխատեսելի հեռանկարով, թեև վերջին շրջանում այս ուղղությունն ընդհանրապես դուրս է եղել Մոսկվայի ուշադրության կիզակետից, և Մոսկվան սկսում է քայլեր ձեռնարկել՝ հաշվի առնելով հակամարտության գոտում առկա վտանգները։

«Կոնկրետ միակ ծրագիրը, որը հստակորեն ուրվագծվում է, նախարարական հանդիպում անցկացնելու մտադրությունն է և հեռախոսազրույցը ՀՀ ԱԳ նախարարի հետ ու հանդիպումն ադրբեջանցի պաշտոնակցի հետ, կարծում եմ՝ այդ թեմայի շուրջ է եղել առավելապես։ Մոսկվան այս պահին միայն այդ խնդիրը կարող է լուծել, քանի որ, եթե չլինի բանակցություն կամ հանդիպում, որևէ հարց հնարավոր չէ քննարկել, և եղան կոնկրետ հստակեցումներ ՌԴ ԱԳ նախարարի կողմից, որ հարկավոր է վերսկսել բանակցությունները և աշխատել ինտենսիվ, այս առումով որևէ փակ խաղաքարտ չկա։

Ինչ վերաբերում է կարգավորման կոնկրետ ծրագրերին, ապա Լավրովն ասում է, որ կան փաստաթղթեր, և դա կորցնել պետք չէ, իսկ ինչո՞ւ, որովհետև, բնականաբար, կողմերի և միջնորդների համար զրոյից սկսելը ժամանակի կորուստ կլինի։ ՌԴ ԱԳ նախարարը խոսեց նաև կարգավորման ձևաչափը փոխելու անընդունելիության մասին՝ ակնարկելով Թուրքիային, ինչը ևս կարևոր շեշտադրում էր, Մոսկվան դրանով ընդգծեց, որ Թուրքիայի հետ կարող է հարցը քննարկել՝ որպես տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող խնդիր, սակայն բանակցային ձևաչափը փոփոխման ենթակա չէ։ Սա ինչ վերաբերում է Ռուսաստանին․ իսկ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններից ցանկանում են տարբեր բաներ՝ Ադրբեջանը ցանկանում է նստել սեղանի շուրջ և բանակցել այն հարցերի շուրջ, որոնք ինքն է ցանկանում, իսկ Հայաստանը ցանկանում է հրադադարի պահպանման երաշխիքներ, ինչն Ադրբեջանի համար անընդունելի է, և դա Ադրբեջանը համարում է ժամանակի վատնում, որում էլ ամիսներ առաջ մեղադրեց Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարին։

Իմ ընկալմամբ՝ աա է այն ամենը, ինչ տեղի է ունենում, և չի բացառվում, որ չհաջողվի կազմակերպել նախարարական հանդիպում, քանի որ կողմերի դիրքորոշումները կոշտ են։ Ադրբեջանը ցանկանում է հարցը լուծել Թուրքիայի և Ռուսաստանի աջակցությամբ իր օգտին՝ գործընթացը դուրս բերելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակից, դրա համար գործադրում է լուրջ ջանքեր, բայց կարծում եմ՝ փոփոխություններ ոչ մի ուղղությամբ առաջիկայում չեն լինի»,- ասաց նա։

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց՝ կարևոր է հասկանալ, որ Մոսկվան կուլիսային քաղաքականություն չի վարում և այժմ միայն փորձում է կայունացնել իրավիճակը։

«Կարծում եմ՝ ձևաչափը պահպանելու, հրադադարի լայնամասշտաբ խախտում թույլ չտալու համար անհրաժեշտ են նախաձեռնություններ Մոսկվայի կողմից, և արվում է այն, ինչ հնարավոր է։ ՌԴ ԱԳ նախարարը չի ցանկանում, որ կորսվի այն, ինչին հասել են կողմերը 20-ից ավելի տարիների ընթացքում, քանի որ նոր գաղափարներ չկան, թե ինչպես կարելի է կարգավորել հակամարտությունը։ Այո, փաստաթղթեր եղել են, դա ասում է նաև ռուսական համանախագահությունը, սակայն չկա կոնսենսուս այդ փաթեթներից որևէ մեկի շուրջ։ Ու քանի որ դա չկա, նախարարն ասում է, որ հանդիպել է պետք և մեղմել կողմերի միջև սրված մթնոլորտը՝ տավուշյան սցենարը բացառելու նպատակով։ Ամենաբարենպաստ սցենարի դեպքում կողմերը կհանդիպեն հաջորդ ամսվա ընթացքում, իսկ բացասական սցենարների հավանականություն կա, բայց դրանք, կարծում եմ, համանախագահների համարժեք ուշադրության դեպքում կչեզոքացվեն»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս