«Հաստատապես ասել, որ այդ ինստիտուտը դառնալու է պետության գործիք, այդքան էլ համամիտ չեմ». Փաստաբանը՝ հակակոռուպցիոն դատարանի մասին

ՀՀ կառավարությունը հակակոռուպցիոն ռազմավարությունը իրագործելու համար նախատեսում է ստեղծել նաև մասնագիտակցված հակակոռուպցիոն դատարան: Ավելի վաղ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը հայտնել էր, թե նախատեսվում է ստեղծել Առաջին ատյանի հակակոռուպցիոն մասնագիտացված դատարան՝ առնվազն 25 դատավորի կազմով, որոնցից  5-ը կքննեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործեր, իսկ մյուս 20-ը կզբաղվեն կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննությամբ: Նախատեսվում է նաև ստեղծել վերադաս ատյան՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, իսկ Վճռաբեկ դատարանի երկու պալատներում ավելացնել դատավորների մեկ կամ երկու հաստիք: Հակակոռուպցիոն դատարանում դատավորի պաշտոնի համար հայտարարվող մրցույթին կկարողանան մասնակցել թե՛ գործող դատավորները, թե՛ դատավոր չհանդիսացող անձինք: Դատավորներն էլ ընտրվելու են բաց մրցույթի արդյունքում, իսկ ընտրվելուց հետո ստանալու են ավելի բարձր աշխատավարձ, քան ընդհանուր իրավասության դատարանի դատավորները:

Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման, դրա անհրաժեշտության, դատավորների ընտրության չափանիշերի մասին 168.am-ը զրուցել է փաստաբան Արմինե Ֆանյանի հետ:

– Տիկին Ֆանյան, երբեմն նշվում է, թե կա հանրային պահանջ՝ ունենալու մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք կա հակակոռուպցիոն դատարան ունենալու հանրային պահանջ:

– Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, իհարկե, ցանկացած զարգացած հասարակության համար պահանջ է: Մանավանդ՝ հաշվի առնելով մեր հասարակության խիստ հետաքրքրությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների և քննվող քրեական գործերի վերաբերյալ: Մեր հանրությունը, ինչպես տեսնում ենք, այդ դատավարություններին շատ ուշադիր է, և հանրության ուշադրության կենտրոնում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դատարաններում ընթացող քրեական գործերը: Բացի այդ, հակակոռուպցիոն դատարանի ստեղծման հանրային պահանջը, նաև կարծում եմ, պայմանավորված է այն հանգամանքով, որ իսկապես կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննելու համար անհրաժեշտ է ունենալ հատուկ մասնագիտացում ունեցող թե՛ դատավորներ, թե՛ նախաքննական մարմին, ովքեր կտիրապետեն թե՛ ոլորտին վերաբերող օրենսդրությանն ավելի խորությամբ, և թե՛ ոլորտին առնչվող միջազգային իրավական փաստաթղթերին: Իսկ հանրային հետաքրքրությունը և հանրային պահանջը զուտ պայմանավորում եմ  նախ նրանով, որ մեր պետությունը, ինչպես գիտենք, ինչպես հայտնի է, ցավոք, մեզ համար, կոռուպցիոն բնույթի հանցագործություններում բավականին բարձր ցուցանիշ է ունենում յուրաքանչյուր տարի, և գուցե նաև մեր հանրության հետաքրքրությունն այդ հանցագործությունների վերաբերյալ հենց դրանով էլ պայմանավորված է:

– Դատավորների ընտրության կարգը, որը սահմանված է հակակոռուպցիոն դատարանի համար, ինչքանո՞վ է արդարացված, և արդյոք նորմա՞լ է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը և  Հակակոռուպցիոն դատարանի դատավորը ստանալու են իրարից զգալիորեն  տարբերվող  աշխատավարձ:

– Տեսեք, նայած, թե այդ հարցին մենք որ տեսանկյունից մոտենանք: Եթե զուտ դատավորի կարգավիճակի համատեքստում դիտարկենք բարձր աշխատավարձ ստանալը, այդ տարբերակված մոտեցումը, ասեմ, որ կարգավիճակային տարբերություն, իհարկե, այս երկու դատարանների միջև չկա:  Ծանրաբեռնվածության իմաստով՝ մեր այսօրվա օրենսդրության համապատասխան գործող առաջին ատյանի դատարաններն այնքան ծանրաբեռնված են, որ իրենց համար անգամ այդչափ բարձր աշխատավարձը կարող է ցածր թվալ, եթե մենք իսկապես մոնիտորինգի ենթարկենք, թե ինչ ծավալի աշխատանք է նրանց կողմից կատարվում: Բայց եթե հաշվի առնենք, օրինակ, այն հանցագործությունների բնույթը, այն գործերի բնույթը, որոնցով իրականացվելու է  այդ արդարադատությունը և այդ դատավորներին առաջադրվող լրացուցիչ պահանջները՝ մասնագիտացված դատարան լինելու իմաստով, այսինքն՝ նրանք լրացուցիչ գիտելիքների և խորացված գիտելիքների պետք է տիրապետեն, կարծում եմ, որ գուցեև սրանով է պայմանավորված: Նաև  այդ դատավորները պետք է ունենան շատ ամուր և բարձր թե՛ սոցիալական երաշխիքներ, թե՛ ֆինանսական կայունություն, որպեսզի ունակ լինեն, այսպես ասած, ի պաշտոնե դիմակայել կոռուպցիոն հանցագործություններ քննելիս իրենց առջև ծառացած թե՛ խնդիրներին, թե՛ ռիսկերին, չկոռումպացվելուն, որպեսզի այդ շահագրգռվածությունն իրենց մեջ հնարավորինս նվազի:

Բայց ասեմ, որ, օրինակ, Բուլղարիայում այդ տարբերակված մոտեցումը, այն, որ առաջին ատյանի դատարանի դատավորների համեմատությամբ՝ կոռուպցիոն դատարանի դատավորն անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ է ստանում, օրինակ, իրենց պետությունում ճանաչվել էր հակասահմանադրական: Այնպես որ, նայած, թե հարցին որ կողմից ենք մոտենում: Ըստ էության, ինձ համար արդարացված է միայն մի տեսանկյունից, որ իրենք կունենան լրացուցիչ սոցիալական երաշխիքներ, ֆինանսական կայունություն, որը հնարավորինս զերծ կպահի իրենց ցանկացած տեսակի կոռուպցիոն սխեմայի մեջ ընդգրկվելուց: Բայց թե՛ ջանասիրության, թե՛ ծանրաբեռնվածության, թե՛ այն ահռելի աշխատանքի առումով, որը կատարում է առաջին ատյանի դատարանի դատավորը, բացարձակապես չի զիջում և չի էլ կարող զիջել կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննող դատավորի աշխատանքին:

– Իսկ ի՞նչ կասեք դատավորների ընտրության չափանիշերի մասին:

– Չափանիշերից ամենակարևորը՝ այս պահին նախագծում առկա, դա բարեվարքության ստուգման պարտադիր պահանջն է, որը որոշակի փուլեր է անցնում փաստորեն՝ թեկնածուն պետք է լրացնի բարեվարքության վերաբերյալ թերթիկ, այնուհետև դա տրամադրվում է համապատասխան կոմիտեին՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ովքեր էլ հենց ստուգում են այդ թեկնածուի բարեվարքությունը, որը շատ կոմպոնենտներ է իր մեջ պարունակում, և այնուհետև խորհրդատվական եզրակացություն են կազմում և ներկայացնում ԲԴԽ: Բացի դրանից, թեկնածուները պետք է տիրապետեն լրացուցիչ գիտելիքների՝ նեղ մասնագիտական ոլորտին վերաբերող օրենսդրությանը, ինչպես նաև՝ վերաբերելի միջազգային իրավական ակտերին, որի  իմացությունն այս առումով բավականին խիստ պահանջ է:

– Եվ, այդուամենայնիվ, ըստ Ձեզ՝ դատավորների ընտրության չափանիշերն արդարացվա՞ծ են:

– Պատկերացրեք, պահանջներն արդարացված են, եթե պահանջների բավարարմանն ուղղված գործողություններն իրականացվեն թափանցիկ, ամենակարևորը, արդարացի, որովհետև այնտեղ բանավոր փուլի պրոցես կա, գրավոր փուլի հաղթահարման պրոցես կա: Եթե այդ ամեն ինչը լինի թափանցիկ, օբյեկտիվ, բնականաբար, ես կոնկրետ արդարացված եմ համարում:

– Սա կոռուպցիայի դեմ պայքարի ընդունելի՞ եղանակ է:

– Ցանկացած ոլորտում նեղ մասնագիտացված մասնագետներ ունենալը խիստ ողջունելի է: Թեկուզ մենք այսօր, օրինակ, ունենք Զինվորական կայազորային քննչական բաժին, որը միայն զինվորական հանցագործություններ է քննում, իհարկե, չունենք զինվորական գործեր քննող դատարան, բայց ունենք Հատուկ քննչական ծառայություն, որը պաշտոնական անձանց կողմից կատարված հանցագործություններ է քննում: Ցանկացած դեպքում նեղ մասնագիտացումը ողջունելի է և, իհարկե, արդարադատության որակը դրանով, անշուշտ, կբարձրանա: Մենք տարիներ առաջ չունեինք Վարչական դատարան, և դա, բնականաբար, որոշակի բարդություններ էր ստեղծում, որովհետև տարբեր իրավունքի ճյուղեր են Քաղաքացիական օրենսդրությունը, Վարչական օրենսդրությունը: Բայց այսօր մենք ունենք արդեն կայացած, պրոֆեսիոնալ վարչական դատարան:

Այնպես որ, եթե այս ամենը կազմակերպվի ճիշտ, օբյեկտիվ և այդ դատավորների համար, ամենակարևորը, ապահովեն անհրաժեշտ սոցիալական երաշխիքներ, որպեսզի իրենք գործեն անկաշկանդ, որովհետև կոռուպցիոն բնույթի հանցագործություններ քննելը՝ պայմանավորված շատ դեպքերում դրանք կատարող սուբյեկտների հետ՝ պաշտոնատար անձինք, ՀՀ-ում բարձր պաշտոններ զբաղեցնողներ, այդ դատավորները պետք է ունենան շատ բարձր սոցիալական երաշխիքներ, որպեսզի ամուր լինեն և կարողանան դիմակայեն ու չընկրկեն որևէ դժվարության առաջ:

– Կոռուպցիոն դատարան ստեղծելու հիմնավորումները միջազգային լավագույն փորձի համատեքստում Ձեզ համար հասկանալի՞ են: Ընդունելի՞ է մեր պետությունում կոռուպցիայի դեմ պայքարի այդ մեխանիզմը:

– Տեսեք, էլի մենք պետք է վերադառնանք վիճակագրությանը: Մեր պետությունում յուրաքանչյուր տարի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մակարդակը մնում է բավական բարձր: Դա խոսում է այն մասին, որ պետությունում առկա կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները կա՛մ արդյունավետ չեն, կա՛մ բավարար չափով արդյունավետ չեն, կա՛մ ինչ-որ բան այնպես չի գործում, ինչպես պետք է գործի: Հետևապես՝ այս լրացուցիչ գործիքակազմի ստեղծմամբ, որը ենթադրում է առավել մասնագիտացված դատավորների ներգրավում, ինչպես նաև նախաքննական մարմնի, ինչպես նաև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, որը շատ կարևորում եմ և արդարացված եմ համարում հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը:

Իհարկե, կան պետություններ, որտեղ չի արդարացվել  այս մեխանիզմների ստեղծումը, և փորձը ցույց է տվել, որ որոշակի ժամանակ անց փաստվել է, որ արդյունավետ չի այդ գործիքակազմը: Բայց կրկին օբյեկտիվ գնահատական տալու համար անհրաժեշտ է տեսնել, թե այլ ինստիտուտներ այդ պետությունում ինչպես են գործում, որովհետև հնարավոր է, որ առհասարակ ինստիտուցիոնալ խնդիր է: Կան պետություններ, որտեղ շատ հաջող է գործում այս ինստիտուտը, և բավականին կայացած և պրոֆեսիոնալ դատարան է: Ես հուսով եմ՝ մենք այդ պետությունների շարքը կհամալրենք:

– Որոշ իրավաբաններ նշում են, թե կոռուպցիոն դատարանը կարող է քաղաքական գործիք դառնալ իշխանության ձեռքին: Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Ցանկացած դատարան, հարգելիներս, կարող է քաղաքական իշխանության ձեռքին դառնալ գործիք, եթե ցանկանա: Մենք այսօր էլ ունենք դատավորներ, շատ քիչ են, իհարկե, չէի ասի, որ շատ են, ովքեր բոլոր նախադրյալներն ունեն քաղաքական գործիք դառնալու, և ունենք դատավորներ, ովքեր երբեք այդպիսին չեն դառնա, երբեք, անկախ նրանից, թե ինչպիսի պայմաններ իրենց կառաջարկեն, իրենք չեն ընկրկելու: Մի մոռացեք, որ յուրաքանչյուր դատավոր իր պրոֆեսիոնալիզմի, իր ներքին համոզման, իր արժեհամակարգին համարժեք է արդարադատություն իրականացնում: Ներկայումս էլ:

Եվ այդպես հաստատապես ասել, որ այդ ինստիտուտը դառնալու է պետության գործիք, այդքան էլ համամիտ չեմ, որովհետև այսօր էլ Ընդհանուր իրավասության դատարանում կան դատավորներ, ովքեր մեծ հաճույքով իշխանահաճո որոշումներ կկայացնեն, և կան դատավորներ, ում այդ իշխանության որևէ ներկայացուցիչ անգամ չի էլ կարող մոտ գնալ, որ ինչ-որ հրահանգ տալ: Այնպես որ, շատ-շատ բան կախված է համալրվող կադրերից, շատ բան կախված է այդ անձանց պրոֆեսիոնալիզմից, գիտակցությունից: Ես մեծ հույսեր եմ կապում այդ ինստիտուտի հետ:

Տեսանյութեր

Լրահոս