«Գազի պայթյունի հետևանքով զրկված ընտանիքների մի մասը տեղավորվել է կեցավայրերում». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած գազի պայթյունին, որի հետևանքով փլուզվել էր բնակելի շենքի մի մասը։

«Ցավով պետք է արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ մեր բոլորի ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա։ Իհարկե, փաստի առիթով հարուցվել է քրեական գործ և քրեական գործի շրջանակներում կպարզվեն գործի բոլոր հանգամանքները։ Ուզում եմ ևս մեկ անգամ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և խնդրել, որ մեզանից յուրաքանչյուրն առանձին ուշադրությամբ պետք է վերաբերվի բնական գազի շահագործման կանոններին։ Այս պահին պայթյունի հետևանքով  բնակարաններից զրկված բոլոր քաղաքացիներն ապահովված են ժամանակավոր կեցավայրով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն են հայտնել, առաջարկվել է  հյուրանոցում անցկացնել մեկ շաբաթ, մինչև նրանց հետագա հարցերի քննարկումն ու լուծումը կլինի։

«Մի շարք քաղաքացիներ հայտնել են ցանկություն՝ այլ տեղում բնակվել՝ բարեկամների կամ իրենց ունեցած այլ բնակարաններում։ Հարցը Կառավարության և Երևանի  քաղաքապետարանի օրակարգում է, և մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր հետագա անելիքների վերաբերյալ»,- եզրափակեց վարչապետ Փաշինյանը։
Հիշեցնենք, օգոստոսի 26-ին ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Տեսանյութեր

Լրահոս