Բաժիններ՝

«Տատն էլ է համաձայն, մայրն էլ». Խաշթառակ համայնքի ղեկավարը՝ բռնության ենթարկված երեխաներին մանկատուն տեղափոխելու մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:

168.am-ի հետ զրույցում Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանը հայտնեց, որ երեխաներին վաղն են տեղափոխելու մանկան տուն. «Տատն էլ է համաձայն, մայրն էլ. բոլորի թղթերը լրիվ պատրաստել են, օրենքի սահմաններում ամեն ինչ կարգավորված է»:

Անդրանիկ Վիրաբյանը տեղեկացրեց, որ երեխաների մոր հետ չի զրուցել, քանի որ նա խուսափում է իրենց հետ հանդիպումից.

«Տատին ենք խնամակալությամբ հանձնել երեխաներին օրենքով. հիմա տատը դիմում է գրել՝ խնդրում է, որ մենք տանենք երեխեքին մանկատուն»:

Ի դեպ, գյուղապետը վստահ չէ տարածվող այն լուրերի իսկության մեջ, ըստ որոնց՝ երեխաների մայրը նորից երեխայի է սպասում:

Հարցին էլ, թե կարո՞ղ էր երեխաների պապը բռնություն կիրառել երեխաների նկատմամբ, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Ինքը ֆիզիկապես թույլ, խեղճ մարդ է. չեմ կարծում»:

Հիշեցնենք, որ նույն ընտանիքից 6-ամյա տղան, որին տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, գիտակցության չգալով՝ մահացել էր։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում երեխաների դաժան ծեծի դեպքի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, ինչի մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում:

«Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հեռախոսազրույցում վերջինս փաստեց, որ ծառայողական քննություն է նշանակվել Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: Մարզպետը հավաստիացրեց, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի և մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում՝ որպես սոցիալապես անապահով ընտանիք, և պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել: Ընտանիքին աջակցություն են տրամադրել նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունները: Պարոն Չոբանյանի խոսքով` ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ տեղեկություն կամ ահազանգ նախկինում չի գրանցվել»,- գրել էր Բաթոյանը:

168.am-ը Տավուշի մարզապետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Հարություն Քոչարյանից տեղեկացել էր, որ այս ընտանիքի երեք երեխաները դեռ 2015 թվականին կարճաժամկետ ծրագրով հաճախել են խնամքի կենտրոն:

Հիշեցնենք նաև՝ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել էր, որ նրա 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմինների տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Որոշում է կայացվել նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին: Քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Հարցաքննվել են մի շարք անձինք: Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս