Խաշթառակցի երեխաներից երեքը 2015 թ. հաճախել են «ՍՕՍ» մանկական գյուղ, այժմ հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն: Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ նույն ընտանիքից 6-ամյա տղան, որին տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, գիտակցության չգալով մահացել էր։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում երեխաների դաժան ծեծի դեպքի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, ինչի մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում:
«Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հեռախոսազրույցում վերջինս փաստեց, որ ծառայողական քննություն է նշանակվել Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: Մարզպետը հավաստիացրեց, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի և մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում՝ որպես սոցիալապես անապահով ընտանիք, և պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել: Ընտանիքին աջակցություն են տրամադրել նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունները: Պարոն Չոբանյանի խոսքով` ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ տեղեկություն կամ ահազանգ նախկինում չի գրանցվել»,- գրել է Բաթոյանը:
168.am-ը Տավուշի մարզապետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Հարություն Քոչարյանից տեղեկացավ, որ այս ընտանիքի երեք երեխաները դեռ 2015 թվականին կարճաժամկետ ծրագրով հաճախել են խնամքի կենտրոն:
««ՍՕՍ» մանկական գյուղ են հաճախել երեք ամիս ժամկետով: Մարզպետարանի մեր բաժին երբևէ չեն դիմել՝ ընտանիքի հետ կապված, մենք ինչ-որ աջակցություն տանք»,- ասաց Հարություն Քոչարյանը՝ հավելելով, որ խնամքի կենտրոնից նրանց ծնողներն են նորից հետ վերցրել ընտանիք:
Տավուշի մարզապետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետն այլ մանրամասներ չհայտնեց:
Հիշեցնենք, որ իր 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքում ձերբակալվել է 57 տարեկան մի տղամարդ։ 6-ամյա երեխան ստացել է համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր, իսկ 4 տարեկան փոքրիկի մոտ առկա է գանգային արյունազեղում։ Տվյալ տղամարդու մյուս 5 թոռներն օգոստոսի 20-ին նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել էին Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրա 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմինների տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Որոշում է կայացվել նշված երկու քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու մասին: Քրեական գործով 7 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: Հարցաքննվել են մի շարք անձինք: Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: