Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացում է նկատվում
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացում է նկատվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, օգոստոսի 23-ին հիվանդանոցում բուժում էր ստանում 38 քաղաքացի, ներկա պահին՝ 41։ 42-ով ավելացել է նաև տնային մեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիների թիվը: Այս ընթացքում կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 529 բնակիչ։ 61 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 39 դեպք:
Մահվան վերջին դեպքն արձանագրվել է 2 օր առաջ, մահացողը կրտսեր բուժաշխատող էր՝ ծնված 1960 թվականին։ Նա աշխատում էր Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում, ունեցել է ուղեկցող հիվանդություններ: Հաստատությունում այլ դեպքեր չեն գրանցվել: «Ավելացում կա, բայց թվերը մեծ չեն»,- վստահեցնում է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։
Անդրադառնալով Գյումրու «Երեխաների տուն» մանկատան
երեխաների վիճակին՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ նրանց վիճակը կայուն է: Հիշեցնենք, որ Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը իրականացրած թեստավորման արդյունքում կորոնավիրուս է հաստատվել 6 երեխայի և 7 աշխատակցի մոտ։ Երեխաներն աշխատողներից են վարակվել, քանի որ հաստատությունն աշխատում է փակ ռեժիմով։
Աշխատակիցներից 3-ը ներկա պահին տնային հսկողության տակ են, 6 երեխա ու 4 աշխատակից տեղափոխվել են Երևան:
Արմենուհի Մխոյան