Փրկարարները Երևանում պայթյունից փլուզված շենքի փլատակների տակից դուրս բերեցին քաղաքացու դի
ԱԻՆ փրկարարները Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Ռայնիսի 3 հասցեում փլուզված շենքի փլատակների տակից դուրս են բերել որոնվող երրորդ քաղաքացուն: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց, որ որոնվող տղամարդը հայտնաբերվել է մահացած:
Նախարարը ցավակցեց մահացածի հարազատներին:
Ինչպես դեպքի վայրից փոխանցում է 168.am-ի լրագրողը՝ մահացողը 58-ամյա տղամարդ է՝ Արթուրը Ղ-ն:
Շենքի սեյսմակայունության մասին լրագրողների հարցին անդրադառնալով՝ նախարար Ֆ. Ցոլակյանը նշել է. «Հենց հիմա քաղաքաշինության կոմիտեից պարոն Ղուլարյանը գտնվում է շենքում, նայում է շենքի մյուս հատվածները:
Հավանաբար այսպես է՝ մեր նախնական տվյալներով՝ սեյսմիկից ստացած տվյալներով, որ մինչ սա արդեն նայել էին, առաջին, երկրորդ և երրորդ մուտքերը ամբողջովին ապահով են, չորրորդ մուտքի հետ կապված կասկածներ կան, իսկ հինգերորդ մուտքը փլված մուտքն է»:
Տեղեկացնենք՝ դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Այնտեղ են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախնական տվյալներով՝ տուժածների ընդհանուր թիվը 3 է:
«Երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, մեկի մասին տեղեկություն չունենք»,- ասել էր Ֆ. Ցոլակյանը: Նա նշել էր, որ մյուս 21 քաղաքացիները, որոնք տարհանվել են, վնասվածքներ չեն ստացել. «Հոգեբանական աջակցություն է ցույց տրվել. սթրեսային վիճակ, վախ»:
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարների կողմից իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։ Ըստ նախնական տվյալների փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի, ովքեր հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժած Էդգար Մ․-ինը (ծնված 1979 թ․)՝ ծայրահեղ ծանր:
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։
Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ դեպքի վայրում են ընդհանուր թվով 72 փրկարար ծառայող։
Իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում անօդաչու թռչող սարքերի միջոցով։ Դեպքի վայրում են նաև Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10 աշխատակից։
Ժամը 13։01-ին փրկարարները փլատակների տակից դուրս են բերել, նախնական տվյալներով, Արթուր Ղ․-ի (ծնված 1962 թ․) դին։