«Եղել են դեպքեր, երբ հարազատներն են վճարել իրենց ազգականին հիվանդանոց տեղափոխելու ծախսերը». Փաստաբանը՝ կորոնավիրուսից մահացած անձանց մասին
ՀՀ փաստաբանների պալատում այսօր «ԷՅՋՎԻԷՅՋ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը և Սյուզաննա Խչեյանը ներկայացրեցին կորոնավիրուսի իրավական հետևանքների, կորոնավիրուսի ախտորոշմամբ մահացած անձանց մահվան հանգամանքների ու պատճառների պարզման և տուժողների իրավահաջորդների իրավունքների, շահերի վերականգնման, նրանց նյութական և ոչ նյութական հատուցման իրավական աջակցության վերաբերյալ մանրամասները։
Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ դեռևս հունիս 1-ին հանդես էր եկել հայտարարությամբ, որ ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած անձ, դատաիրավական- քրեաիրավական ճանապարհով, գոյություն չունի, հետևաբար՝ որևէ պաշտոնատար անձ չի կարող քրեական պատասխանտվության կամ հետապնդման ենթարկվել։
«Որպես իրավական հիմնավորում և դիրքորոշում՝ նշել էի այն հանգամանքը, որ, եթե դիահերձում տեղի չի ունենում, ապա հնարավոր չէ պարզել կորոնավիրուսի և մահվան միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը։ Քրեադատավարական նորմերով նախատեսված է, որ քրեական գործում մի շարք հանգամանքներ կարող են հաստատվել միայն և բացառապես որոշակի ապացույցների ներքո։ Մասնավորապես՝ հստակ նախատեսված է, որ մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը կարող են հաստատվել ոչ այլ կերպ, քան միայն և բացառապես դիակի կամ սովորական դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում։ Եթե մենք չունենք մահվան պատճառները փաստող այն միակ ապացույցը, ինչպիսին է դիակի դատաբժշկական փորձաքննությունը, հետևաբար՝ հնարավոր չէ նաև հավաստել, որ մահը տեղի է ունեցել կորոնավիրուսի հետևանքով»,- ասաց փաստաբանը։
Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ շփվել են պաշտոնական վարկածով կորոնավիրուսից մահացած անձանց բարեկամների ու հարազատների հետ, վերլուծելով նրանցից ստացած տեղեկությունները, արձանագրել են, որ ոլորտում առկա են մի շարք իրավական և սոցիալական խնդիրներ։ Բոլոր դեպքերն էլ ունեցել են առանձնահատկություններ, միասնական գծեր ու ընդհանրություններ։
Անդրադառնալով դեպքերի ընդհանրություններին՝ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ պաշտոնական վարկածով կորոնավիրուսի հետևանքով հիվանդանոց տեղափոխված, այնուհետև մահացած անձանց կորոնավիրուսի դրական թեստերը նրանց հարազատները չեն տեսել։ Հիվանդանոց կամ վիրաբուժական բաժանմունք տեղափոխված հիվանդներն իրենց հարազատների հետ որևէ տեսակի կապ չեն ունեցել՝ ներառյալ տեսակապ կամ հեռախոսազանգ։ Մահացածների հարազատները, բոլորն անխտիր չեն իմացել, թե կոնկրետ որ ժամին է վրա հասել մարդու կենսաբանական մահը։ Նաև մահացածների հարազատները հստակ չգիտեն, թե ինչից է մահացել անձը։
«Բոլոր դեպքերով հարազատներն իրենց մահացած բարեկամին չեն տեսել, իսկ դին նրանց հանձնել են կնիքված դագաղով, որոշ դեպքերում նույնիսկ մահացածի հուղարկավորությանը չեն մասնակցել։ Սա ֆանտաստիկայի ժանրից չէ, դրանք մեզ մոտ արձանագրված ու փաստագրված են։ Ունեցել ենք այնպիսի դեպքեր, երբ, օրինակ, անձին կորոնավիրուսի ախտորոշմամբ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է, սակայն նրա ընտանիքին պարտադիր մեկուսացման չեն ենթարկել։ Եղել են դեպքեր, երբ հարազատներն են վճարել իրենց ազգականին հիվանդանոց տեղափոխելու ծախսերը։ Նաև դեպքեր կան, երբ անձը ինսուլտի ախտանիշով տեղափոխվել է նյարդաբանական բաժանմունք, սկզբնապես կորոնավիրուսի բացասական թեստով, և հիվանդանոցում գտնվելու երրորդ օրը նրա մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Մահացածների հարազատների մոտ կուտակվել են դժգոհություններ, որը գալիս է դեպքերի այս անորոշությունից, քանի որ որևէ գերատեսչություն նրանց փաստաթուղթ չի տվել, թե երբ է մահացել հարազատը։ Ամփոփելով այս ամենը, մենք արձանագրեցինք, որ տեղի է ունեցել անձանց կյանքի իրավունքի խախտում և ոտնահարում»,- հավելեց նա։