«Ստեփանակերտի ուղղությամբ տեղակայված էր հակառակորդի մոտ 600 տանկ, տասնյակ-հազարավոր զինծառայողներ, երրորդ ճակատը պետք է լիներ այդտեղից. հասկանո՞ւմ եք՝ ինչ կարող էր լինել». Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանն ապրիլյան պատերազմը դիտարկում է տարբեր հարթություններում:

«Նախ՝ խոսենք կորուստների մասին. ամենամեծ և անդառնալի կորուստն այն հարյուր հայորդիներն են, որոնք զոհվեցին մեր հայրենիքի պաշտպանության համար: Ունեցանք 2 բարձունքի կորուստ, մեկը՝ Արցախի հարավային հատվածում, մյուսը՝ հյուսիսարևելյան հատվածում: Բնական է, որ այդ կորուստներն ունեն իրենց նշանակությունը՝ ռազմական առումով մեզ համար ոչ հաճելի կորուստներ են: Բայց մյուս կողմից՝ ապրիլյան պատերազմը պետք է դիտարկել նաև այլ հարթություններում. ի վերջո, հակառակորդի նպատակը երկու բարձունքի գրավումը չէր, և սա ակնհայտ է: Այն, որ մենք տվեցինք այդքան զոհեր, ցույց է տալիս, որ շատ լուրջ են եղել հակառակորդի ցանկությունները, և նրանք տվել են մի քանի հազար զոհ»,- 168TV «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակորդի բուն նպատակը եղել է՝ սրընթաց պատերազմի միջոցով պարզապես կործանել Արցախի պետականությունը, հնարավորության դեպքում ինչ-որ տարածքներ պոկել ՀՀ-ից, մասնավորապես՝ Մեղրին, դուրս գալ դեպի Սևան, և այլն:

«Դրա մասին վկայում են բազմաթիվ փաստեր: Եթե նրանց հաջողվեր հարավային և հյուսիս-արևելյան հատվածում ճեղքել մեր պաշտպանությունը, ապա կենտրոնական հատվածում Ստեփանակերտի ուղղությամբ տեղակայված էր հակառակորդի մոտ 600 տանկ, տասնյակ-հազարավոր զինծառայողներ, երրորդ ճակատը պետք է լիներ այդտեղից: Հասկանո՞ւմ եք՝ ինչ կարող էր լինել: Նրանք լավ պատրաստվել են՝ 1994թ. ի վեր, 22 տարի: Եթե այս տեսանկյունից նայենք, պետք է նայենք, թե այլ տեղերում բլից-կրիգը՝ սրընթաց պատերազմները, ինչ հետևանքների են բերել: Օրինակ, Ֆրանսիան մոտ 1.5 ամսվա ընթացքում պարտություն է կրել Գերմանիային՝ բլից-կրիգի միջոցով: ԽՍՀՄ-ը, մենք տեսանք, այո՛, հաղթեց, կոտրեց ֆաշիստական Գերմանիայի ողնաշարը, բայց բլից-կրիգի արդյունքը եղավ այն, որ գերմանական բանակը Մոսկվայի մատույցներում էր»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ 2016թ. ապրիլին Ադրբեջանը չկարողացավ հասնել իր հանցավոր նպատակներին:

«Դիրքերով չպետք է չափենք, որովհետև բարձունքում կարող է լինել 5 դիրք, 15 դիրք: Երկու բարձունք էր, կարևոր, բայց բնական է՝ ռազմաքաղաքական հավասարակշռությունն առանձնապես չի փոխվել տարածաշրջանում: Թե չէ՝ դուք ի՞նչ եք կարծում՝ եթե հակառակորդն ունենար գերակշիռ առավելություն, չէ՞ր օգտվի դրանից. կօգտվեր: Տավուշյան դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ բանակն ուժեղ է, և մենք կարողացանք էլ ավելի ամրապնդել, ինչ-որ տեղ Արցախի հարավի և հյուսիս-արևելյան հատվածի բարձունքների կորուստները կոմպենսացնել: Հակառակորդը չի տարբերակում՝ արցախա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական սահման, սա մեկ ընդհանուր ճակատ է իրենց համար»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի կարծիքով՝ չպետք է համեմատել տավուշյան մարտերն ու ապրիլյան պատերազմը, առավել ևս՝ տարբերակել, թե դրանցից որն է կարևոր, որն է երկրորդական.

«Դա ճիշտ չէ. արդեն ինքներս մեզ հետ ենք պայքարելու: Ես դեմ եմ նման մոտեցումներին: Մենք ունեցանք ապրիլյան պատերազմի հաղթանակ, որը ոսկե տառերով և արյունով գրված հաղթանակ է, մենք ունեցանք տավուշյան հաղթանակը՝ նույնպես ոսկե տառերով գրված: Այլ հարց է, որ մենք կարող ենք և պարտավոր ենք վերլուծության ենթարկել, տեսնել՝ այս 4 տարիների ընթացքում ի՞նչ նորություն  կա մարտավարական և ռազմավարական առումով, հակառակորդն ի՞նչ փոփոխություններ է մտցրել իր ռազմական հայեցակարգի մեջ, ինչպիսի՞ բացեր ունենք, առավելություններ ունենք: Բայց համեմատել քաղաքական, պատմական և այլ առումներով, նույնն է, որ հիմա փորձենք վերլուծել՝ տեսնել՝ Սարդարապատի ճակատամարտն էր ավելի կարևո՞ր, թե՞ Ավարայրի ճակատամարտը, չէ՞ որ դա ճիշտ չէ: Երկուսն էլ մեր հաղթանակներն են, երկուսն էլ պետք է փայփայենք, նաև տեսնենք՝ ինչ բացեր ենք ունեցել և՛ ապրիլյանի ժամանակ, և՛ տավուշյան դեպքերի ժամանակ»:

Դիտարկմանը՝ ասում է, թե համեմատությունները ճիշտ չեն, բայց ապրիլյան պատերազմը որոշ շրջանակների կողմից այնպես է ներկայացվում, ասես հայկական կողմը պարտություն է կրել, նման հայտարարություններ հնչում են նաև Արցախից, օրինակ՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը պնդում է, որ  դա պատերազմ չի եղել, դա եղել է դիվերսիոն գործողություն, նա այսպես արձագանքեց.

«Դա Սամվել Բաբայանի անձնական կարծիքն է, և այդ կարծիքն այսօր չի ձևավորվել, ապրիլյան պատերազմից հետո նա այդպես է մեկնաբանում: Դա իր տեսակետն է, ես չեմ ուզում որևէ մեկին քննադատել կամ փառաբանել: Այո, եթե այդպես վերցնենք, կորուստներ եղել են, ո՞վ է դա ժխտում, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հակառակորդի բուն նպատակը չի եղել երկու բարձունքի գրավումը, և այն, որ նրանք տվել են մի քանի հազար զոհ, ինչ զինատեսակներ են օգտագործել, ցույց է տալիս, որ եղել է սրընթաց պատերազմի միջոցով իրենց նպատակին հասնելու փորձ: Եվ առհասարակ, ես կարծում եմ, որ հենց սրընթաց պատերազմն է լինելու հակառակորդի ռազմավարությունը, եթե նույնիսկ լինեն այդպիսի փորձեր, որովհետև այսօր Կովկասը կարևոր նշանակություն ունի աշխարհքի աշխարհաքաղաքական կառուցվածում, լայնածավալ և երկարատև պատերազմն այստեղ, ուզած-չուզած, կամա թե ակամա, ընդգրկելու է այլ ուժերի, որը կարող է բերել երրորդ համաշխարհային պատերազմի: Բայց սրընթաց պատերազմով եթե նրանք հասնեն իրենց բուն նպատակին, փաստի առջև է կանգնեցնելու բոլորին: Չեն հասնի իրենց նպատակին, բայց եթե այդպես լինի, այն ժամանակ ինչ էլ անենք՝ ուշ է լինելու: Մենք պետք է պատրաստ լինենք կասեցնել դրանց ցանկացած փորձ»:

Մանրամասները՝ 168 TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս