«Այս ամենը միջազգային մարդասիրական իրավունքի ոչ թե կոպիտ, այլ ցուցադրական կոպիտ խախտում է». Լարիսա Ալավերդյան

Օգոստոսի 22-ին Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է, իրականացվում են որոնողական աշխատանքներ. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերսանտ»,- գրել է Շ.Ստեփանյանը:

Ավելի ուշ ՊՆ խոսնակը նաև տեղեկացրել էր, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է:
Այնուհետև ադրբեջանական կողմը հրապարակեց տեսանյութեր, որտեղ հայ սպայի նկատմամբ ցուցաբերվել է նվաստացուցիչ վերաբերմունք։

168.am հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, նախ ՊՆ բոլոր աշխատողներին կոչ արեց, որ քայլեր ձեռնարկեն ռիսկային այն հատվածներում, որպեսզի սպաները, զինվորները, քաղաքացիները հասկանան, թե մինչև որտեղ կարող են հասնել, որպեսզի չանցնեն սահմանից այն կողմ։

«Իմ հիմնավոր կասկածը միշտ ասելուց հիմնվում եմ փորձի վրա, արդյո՞ք մեր հայ սպան մոլորվել է, թե՞ նրան առևանգել են։ Այս վարկածը որպես հիմնավոր կասկած՝ միշտ հնչեցնում եմ և զարմանում եմ, որ հայկական կողմն անմիջապես ասում է, թե սպան մոլորվել է։ Կարծում եմ՝ այստեղ այդ վարկածն անպայման պետք է հնչեցվի»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։
Անդրադառնալով հայ սպայի նկատմամբ ադրբեջանական կողմի ստորացուցիչ վերաբերմունքին, Լ. Ալավերդյանը նշեց. «Այս ամենը միջազգային մարդասիրական իրավունքի ոչ թե կոպիտ, այլ ցուցադրական կոպիտ խախտում է։ Այսինքն՝ այդ ամենը, բացի իրավական կողմից, ունի նաև քաղաքական կողմ՝ նմանատիպ նկարահանումները, դրանց տարածումը»։

Ըստ նրա՝ այս ամենին միջազգային ատյանները, հասարակական կազմակերպություններն իրենց սեփական նախաձեռնությամբ կարող են արձագանքել, կարող են և անարձագանք թողնել։ Իսկ միջազգային «Կարմիր խաչի» կոմիտեն խիստ կոնֆիդենցիալ աշխատանքային նորմեր ունի, այսինքն՝ կոմիտեն հրապարակային երբևէ հայտարարություն չի անում։ Ինչը և թույլ է տալիս տարիներ շարունակել աշխատել տարբեր պետությունների հետ։

«Եթե մենք սպասում ենք արձագանքի,  որ այն պետք է լինի միջազգային հանրության կողմից՝ չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա։ Հակառակը՝ նորից կոչ եմ անում հայկական կողմին ավելի ակտիվ լինել։ Հայտնի է, որ կոպիտ խախտումները, լինի միջազգային թե մարդասիրական իրավունքի, պետք է հնչեցվեն և հասցվեն այն ատյաններին, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով։ Տեղի է ունեցել արժանապատվության նսեմացում, և այդ ամենը՝ ամբոխին ի ցույց դնելով։ Այնինչ միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես՝ Ժնևյան 3-րդ կոնվենցիան, ունի հազվադեպ նորմ, ըստ որի՝ գերին, պատանդը պետք է զերծ մնա ամբոխի հետաքրքրասիրությունից։ Այժմ այդ բոլոր նորմերն ամբողջովին ոտնահարված են։ Ես ակնկալում եմ, որ սա հայկական կողմը կհասցնի բոլոր իրավական ու քաղաքական այն հարթակներին, որոնք էլ այդ ամենը կհասցնեն մինչև Եվրոպական դատարան»,- եզրափակեց իրավապաշտպանը։

Տեսանյութեր

Լրահոս