Փաշինյանի անվտանգության աշխատանքները համակարգող Ղազարին անպասելի կերպով ուղարկել են արձակուրդ
Օրեր առաջ «Հրապարակը» գրել էր այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կադրային կտրուկ փոփոխություններ է արել իր և կնոջ պահպանության ծառայություններում։ «Միանգամից վեց անձ է ազատել աշխատանքից՝ նրանց փոխարինելով նոր աշխատակիցներով»,- գրել էր կայքը:
168.am-ի տեղեկություններով՝ իրականում աշխատանքից ազատված անվտանգության աշխատակիցների թիվը 4-ն է: Նրանք ազատվել են անսպասելի կերպով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով:
Աշխատանքից ազատվել է նաև Պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ Գևորգ Մովսեսյանը, ով, ի դեպ, ըստ տեղեկությունների, բավականին սերտ, նաև ընտանեկան ջերմ հարաբերություններ ուներ վարչապետի ընտանիքի հետ:
Թե ի՞նչն է եղել նրան անվստահություն հայտնելու պատճառը, թերևս, չի մեկնաբանվում:
Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգը տարածվել է նաև նրա ամենահավատարիմ անձանցից մեկի՝ փաստացի վարչապետի անվտանգության աշխատանքները համակարգող, հեղափոխության օրերին հայտնի «ռյուկզակն» իր ուսերին կրող Ղազար Ղազարյանի վրա: Վերջինիս առայժմ անսպասելի կերպով ուղարկել են արձակուրդ: