«Միանշանակ բանակցությունները փակուղում են, և պատերազմի վտանգը մեծ է». Տիգրան Աբրահամյան

168TV«Ռեվյու» հաղորդման շրջանակներում զրուցել ենք «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

– Պարոն Աբրահամյան, տավուշյան մարտերից հետո ապրիլյան պատերազմի թեման էլ ավելի թեժացավ, սկսեցին համեմատություններ արվել, իշխանական շրջանակներից շահարկումներ եղան, թե հայկական կողմն ապրիլյան պատերազմի ժամանակ դիրքային կորուստներ է ունեցել, իսկ տավուշյան մարտերին՝ ընդհակառակը՝ բարելավել դիրքերը: Որքանո՞վ են տեղին այս համեմատությունները, արդյո՞ք ծավալների, կիրառված զինամթերքի առումով ապրիլյան պատերազմն ու տավուշյան մարտերը համեմատելի են:

– Արցախյան պատերազմից հետո սահմանի տարբեր ուղղություններով դիրքային բավականին փոփոխություններ են եղել: Դրանք մարտավարական տարբեր բնույթի գործողություններ են, որոնք տարբեր բնույթի շարժերի միջոցով այս տարիների ընթացքում իրականացվել են: Եթե Արցախի հատվածում չեզոք գոտու հաշվին են դիրքային փոփոխություններ եղել, նույնն էլ՝ Տավուշի հատվածում կամ մեր հարավային ուղղությամբ: Այսինքն՝ վերցնել ընդհանուր պատմության առանձին դրվագներ և փորձել որպես առանձին էպիզոդներ ներկայացնել, վերլուծել, էլ չեմ ասում՝ քաղաքական գործիք դարձնել, արդեն իսկ վտանգավոր է: Վտանգավոր է ոչ թե այն պատճառով, որ ներքաղաքական պայքարում դրանով փորձ է արվում վարկաբեկել կամ խոցելի դարձնել տարբեր գործիչների, այլ ինձ համար վտանգավոր է Զինված ուժերին հասցված հարվածների առումով: Ես չեմ ցանկանում պնդել, որ այն գործիչները, որոնք այդ մոտեցմամբ են առաջնորդվում, նպատակ ունեն հենց ուղիղ ԶՈւ-ին հարված հասցնելու: Կարծում եմ՝ որոշ դեպքերում չգիտակցված, չմտածված է, բայց անուղղակի դրա ազդեցությունը ԶՈւ-ի և հատկապես՝ սպայական կազմի վրա նկատելի է:

Չմոռանանք, որ 2016թ. արցախյան մարտական գործողությունները գրեթե բանակի բոլոր ուղղություններով ծավալված գործողություններ էին, դրանց մասնակցել են մեծ թվով զինծառայողներ, սպաներ, որոնք այսօր էլ բարձր դիրքերում են, հրամանատարական բարձր պաշտոններ են զբաղեցնում Արցախում և Հայաստանում, և այս պարագայում պետք է հասկանալ, որ ապրիլյանի հետ կապված ցանկացած շահարկում նաև խոցելի է դարձնում մեր այն սպաներին, որոնք այսօր էլ այդ ծառայությունը կրում են: Երբ մենք խոսում ենք Տավուշի զարգացումների կամ ապրիլյան մարտական գործողությունների մասին, ապա ակնհայտ է, որ հենց միայն մասշտաբի, կրակի ինտենսիվության առումով դրանք էականորեն իրարից տարբերվում են: Տավուշում, միգուցե, նույնիսկ զորամասային հատված դա չի ընդգրկել, իսկ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ հարձակումը եղավ Եղնիկների հայտնի զորամասի ուղղությամբ, Մատաղիսի, Թալիշի, Մարտակերտի, Ասկերանի ուղղություններով. վերջինս գլխավոր ուղղությունն էր, և մենք ամսի 3-4-ին բավականին մեծ ջարդ ապահովեցինք Ադրբեջանի զորքերի համար: Նաև՝ հարավային ուղղությունը, այսինքն՝ մասշտաբների բավականին մեծ տարբերություն կա:

Ինչ վերաբերում է Տավուշում մեր արձանագրածին, ապա տարբեր փուլերում դիրքային առաջխաղացումների կամ որոշակի հատվածների նկատմամբ վերահսկողության խնդիրներ լուծել ենք և՛ Արցախի հատվածում, և՛ հատկապես Սիսիանի հատվածում, Նախիջևանի տարբեր հատվածներում: Այսինքն՝ սրանք գործողություններ են եղել, ուղղակի այս փուլում քանի որ զուգորդվել են մարտական գործողություններով, սրա էֆեկտը, արձագանքը, աղմուկը ավելի բարձր է եղել: Մենք ունեցել ենք դրվագներ, որ ավելի մեծ հատվածների նկատմամբ ենք վերահսկողություն սահմանել, սակայն Ադրբեջանն այդ պահին գործողություններ չի ծավալել, որոշակի առումով զգուշացել է, դա աղմուկ չի դարձել, դա նաև հայկական կողմը չի շեփորահարել՝ իզուր լարվածություն չստեղծելու առումով, որովհետև կարևոր խնդիրն արդեն մինչ այդ լուծված է եղել: Ես նաև սրա համար եմ ասում, որ պետք չէ վերցնել՝ բոլոր դափնիները հանձնել մի դրվագում, բայց մնացածների դեպքում, երբ պետական քաղաքականությունը կամ ռազմական առումով՝ նպատակահարմար է եղել չբարձրաձայնել, որի արդյունքում շատ զինծառայողներ, որոնք անմիջական մասնակցություն ունեն այդ կարևոր խնդիրների լուծմանը, լուռ ձևով ստացել են իրենց համապատասխան պետական պարգևները, այս իրավիճակում ևս մենք որոշակի լարվածության օջախներ ենք ստեղծում նաև այդ տեսանկյունից:

– Ապրիլյան պատերազմի ձեռքբերումները հայկական կողմի համար որո՞նք էին, որովհետև այս հարցն էլ է տարբեր կողմերից քննարկվում:

– Ապրիլին կոտրվեց Ադրբեջանի տարիներ շարունակ ուռճացված այն միֆը, որ ցանկացած պահի կարճ ժամանակում կարելի է ռազմական ճանապարհով Արցախի հարցը լուծել, այսինքն՝ ուղիղ Ստեփանակերտի նկատմամբ վերահսկողություն հաստատելով, և, ըստ էության, ռազմավարական առումով մեր ՊԲ առաջին ամենակարևոր խնդիրն այդ խոշորածավալ պլանի խափանումն էր: Իսկ դրա համար Ադրբեջանը 1993թ. հետո միտված է եղել այդ խնդրի կարգավորմանը, և չնայած՝ 1994թ. հրադադարի համաձայնագրի կնքմանը, հաջորդ տարի՝ դրա վերահաստատմանը, այս տարիների ընթացքում՝ 1993թ. հետո՝ Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո, բոլոր նպատակները, միջոցները, քաղաքական, ռազմական, դիվանագիտական, լոբբիստական, տեղեկատվական ռեսուրսները դրվել են այդ խնդրի լուծմանը: Եվ 2016թ. նրանց համար համարվել է այն ժամանակահատվածը, երբ այդ կուտակված ռեսուրսը՝ Թուրքիայի, Իսրայելի տարբեր մասնակցության ձևերով պետք է վերջնականորեն լուծեր Ղարաբաղի հարցը, ըստ էության, ռազմական ճանապարհով: Մենք դրանով ոչ միայն տապալեցինք այդ օպերացիան, ընդհանուր սցենարը, այլ ջարդեցինք այն միֆը, որով նաև սերունդներ էին դաստիարակվել Ադրբեջանում, որ Ադրբեջանում ստեղծված է բանակ, որը կարող է այս հարցը շատ կարճ ժամանակում լուծել: Ընդ որում՝ մի քանի դրվագներ կան, որոնց մասին անընդհատ խոսվում է, օրինակ՝ ասվում է՝ ինչո՞ւ զինանոցն ամբողջությամբ չկիրառվեց:

Օրինակ՝ Ադրբեջանը փորձեց կիրառել իր այն միջոցները, որոնցով կարող էր խնդիր լուծել, և բավականին շատ միջոցներ չկիրառվեցին՝ հասկանալով, որ դրան հակընդդեմ կարող էին այնպիսի միջոցներ կիրառվել հայկական կողմից, որ Ադրբեջանի համար կարող էր վերջնական տապալում ու ձախողում ապահովել: Դեռևս ապրիլի 2-ին կանխվել էր ռազմական ինքնաթիռների՝ սահմանին մոտենալը: Էլ չեմ ասում, որ ապրիլի 2-ին արդեն ադրբեջանական երկու ուղղաթիռների խոցումը նրանց վերջնականապես հետ էր պահելու, օրինակ, օդային հարձակումների միջոցով խնդրի կարգավորումից: Նույնը վերաբերում է նաև այնպիսի զինատեսակներին, որոնք կարճ ժամկետում փորձեցին կիրառել, սակայն շատ ավելի հուժկու պատասխան ստանալուց հետո ստիպված եղան կիրառումից դրանք հանել: Այսինքն, ընդհանուր առմամբ, երբ մենք խոսում ենք ապրիլյան մարտական գործողությունների տարբեր էպիզոդների մասին, պետք է հասկանանք, որ դրանց ամբողջական  գնահատական տալու համար պետք է անդրադառնալ, վերլուծել բոլոր բաղադրիչներով: Առանձին բաղադրիչների դուրսբերումը և  դրանց օգտագործումը չեն կարող դառնալ վերլուծությունների նյութ, որովհետև ամբողջական չեն և չեն արտացոլելու իրողությունների ողջ ճշմարտությունը:

– ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ բանակցային գործընթացը փակուղում է, և, որ պատերազմի վտանգը շատ մեծ է: Տավուշյան մարտերի ֆոնին նաև Թուրքիան է բավականին ակտիվ: Լայնածավալ պատերազմի դեպքում արդյո՞ք Թուրքիան կկանգնի Ադրբեջանի կողքին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի, և նման սցենարի դեպքում կստացվի բախում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև:

– Նախ՝ այդ բախումը կամ Թուրքիայի հնարավոր ազդեցությունը չեզոքացնելու համար, առաջին հերթին, պետք է աշխատել արտաքին գործընկերների հետ: Դրանք կլինեն կառույցների մակարդակով՝ նույն ՆԱՏՕ-ի հետ, կամ մեր ՀԱՊԿ գործընկերների հետ, դրանք կարող են լինել նաև այլ հարթություններում անհատական պետությունների հետ, առաջին հերթին՝ մեր սահմանակից Իրանի հետ, որի գործոնը շատ ժամանակ չի էլ քննարկվում: Իրանը մեր տարածաշրջանի կարևոր խաղացողներից է, Հայաստանի նկատմամբ բարեկամական և մշտապես լավ հարաբերությունների մեջ գտնվող երկիր է, որի դերակատարությունը ոչ միայն պետք է ընդունել, այլ պետք է Իրանի հետ, որքան հնարավոր է՝ ամրապնդել մեր հարաբերությունները: Իրանը մեր տարածաշրջանում իր շահերից ելնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը հակակշռող պետություն է, և, բնականաբար, մենք այդ ամենը հաշվի առնելով՝ Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է շատ ավելի բարձր մակարդակում մշտապես պահենք: Այսինքն՝ գործոններից մեկը նաև մեր հարևան, բարեկամ Իրանն է:

Երկրորդը՝ Ռուսաստանը, որը մի կողմից՝ մեր ռազմավարական դաշնակիցն է. չկա մի երկիր, ում հետ այդքան ծավալային դաշնակցային, գործընկերային, ռազմավարական հարաբերությունների մեջ է Հայաստանը, ընդ որում՝ նա առաջին դերակատարություն ունի ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, որի անդամ ենք նաև մենք: Ռուսաստանը, որը մեր տարածաշրջանում ունի իր ազդեցությունն ու հետաքրքրությունները: Գոնե այս փուլում Թուրքիայի ծավալումը կամ ազդեցության մեծացումը մեր ռեգիոնում չի բխում նաև ՌԴ շահերից, այսինքն՝ այս դեպքում ևս տեսնում ենք, որ անելիքներ կան: Մենք չպետք է մտածենք, որ այո, գիտե՞ք՝ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, պարտավոր է, պարտավոր է, պարտավոր է: Հարաբերությունները պարտավոր լինելու տրամաբանության մեջ չեն կառուցվում, և դրա համար, երբ մենք, որպես կանոն, Թուրքիայի ներգրավման մասին խոսում ենք Զինված ուժերի պատրաստ լինելու կամ մարտունակությունը բարձրացնելու տեսանկյունից, պետք է հաշվի առնենք, որ շատ մեծ բլոկ կա նաև այս դիվանագիտական ճակատում, որտեղ մենք աշխատելու շատ մեծ տեղ և շատ մեծ ճանապարհ ունենք, և այդ աշխատանքները պետք է սկսենք հենց այսօրվանից:

Հիմնական կողմերը, որոնց հետ պետք է աշխատանք տանել՝ և՛ բանակցային գործընթացը փակուղուց դուրս հանելու առումով, և՛ այս իրավիճակում թուրք-ադրբեջանական անկայունացնող դրսևորումները կասեցնելու համար, այդ շրջանակը պարզ է, և պետք է անել ավելին, որպեսզի ԶՈւ ընդհանուր ծառայության ու մարտական խնդրի իրականացումն այս պարագայում թողնենք ամենավերջին պարագայում: Պետք է անել ավելին՝ պատերազմը մեզանից հեռացնելու համար, որովհետև պատերազմը նույնիսկ հաղթանակի դեպքում ենթադրում է զոհեր, ավերածություններ, մեծ վնասներ՝ բարոյական, ֆինանսական, տնտեսական՝ բոլոր առումներով, և այս պարագայում շատ բան կախված է, թե դիվանագետներն ու քաղաքական իշխանություններն ինչպես կգործեն:

– Այսինքն՝ դուք է՞լ եք կարծում, որ բանակցային գործընթացը փակուղում է, և պատերազմի վտանգը մեծ է:

– Միանշանակ: Տավուշյան իրադարձությունները նաև փաստեցին, ամրագրեցին բանակցությունների փակուղում լինելը, և, ցավոք, այդ իրադարձություններից հետո ներկայումս, չնայած որոշակի ժամանակներում հնչող հայտարարություններին, նաև վերջին օրերին ՌԴ ԱԳ նախարարն է խոսում փակուղուց դուրս բերելու կարևորության կամ բանակցությունները տեղից շարժելու մասին, այնուամենայնիվ, այսօր դեռևս նկատելի չեն բանակցությունների տեղաշարժի որևէ միտումներ: Միգուցե մեր ռուսաստանցի գործընկերներին կամ միջնորդներին կհաջողվի արտգործնախարարների մակարդակով ինչ-որ հանդիպում կազմակերպել, փորձել գոնե ինչ-որ ձևով այս խնդիրը դիվանագիտական հարթություն տեղափոխել, ամեն դեպքում իրավիճակը մնում է փակուղային:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս