«Հաստատված փաստեր ունենք, որ Ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանում էին գտնվում թուրք և իսրայելցի մասնագետներ». Սերժ Սարգսյան
«Միակ երկիրը Թուրքիան էր, որ չդատապարտեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ սկսելը: Սա նշանակում է, որ արդեն մինչ այդ պահը Թուրքիան անվերապահորեն ընդունում էր այն, ինչ շահավետ է Ադրբեջանին»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ո՞րն էր Ապրիլյան պատերազմի ընթացքում Թուրքիայի դերակատարությունը:
Պատասխանելով հարցի մյուս հատվածին, թե կարելի է հնարավոր համարել, որ Ապրիլյան պատերազմը կարող էր սանձազերծված լինել Թուրքիայի կողմից՝ հաշվի առնելով այդ ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա լարված հարաբերությունները, Սերժ Սարգսյանն ասաց.
«Չեմ բացառում, որ իրենց գործողությունները մինչև այդ էլ շատ հստակ համաձայնեցվում էին: Բայց ես դժվարանում եմ ասել՝ արդյո՞ք թուրք մասնագետները կամ թուրք զինվորականները մասնակցել են ապրիլյան պատերազմի օպերացիայի նախապատրաստմանը: Դժվարանում եմ ասել: Բայց, որ այդ ժամանակահատվածում, ես նկատի ունեմ ռազմական գործողությունների ժամանակահատվածը, 4 օր և դրան նախորդող օրերին, Ադրբեջանում գտնվում էին հրահանգիչներ և մասնագետներ ոչ միայն Թուրքիայից, սա միանշանակ է: Եվ որպեսզի այլ ենթադրությունների տեղիք չտամ, հաստատված փաստեր ունենք, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանում էին գտնվում թուրք և իսրայելցի մասնագետներ»:
Սերժ Սարգսյանի խոսքով՝ Ապրիլյան քառօրյայի ընթացքում Ադրբեջանում թուրք մասնագետների առկայությունը, այնուհետև Թուրքիայի կողմից Ադրբեջանի 100 տոկոսանոց պաշտպանությունը վկայում է այն մասին, որ Թուրքիան անվերապահորեն հավանության է արժանացնում Ադրբեջանի ցանկացած գործողություն:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում