«Ալիևն էլ Ապրիլյան պատերազմից հետո ստիպված էր այս իրողությանը համաձայնել Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում»․ Սերժ Սարգսյան
«Գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր: Ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, իսկ որ բանակցություններն իրենց օգտին չէին ընթանում, լավագույնս ապացուցեց Իլհամ Ալիևը 2016թ. հոկտեմբերին Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ` խոստովանելով, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է ճանաչել ԼՂ անկախությունը»,– այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ մարտի դաշտում կրած անհաջողություններն Ադրբեջանին թույլ չտվեցին իրականացնել իրենց այդ նպատակը՝ հայկական կողմերին ու միջազգային հանրությանը կանգնեցնել «կայացած փաստի» առջև և ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից և իրենց օրակարգով։ Փոխարենը բանակցային գործընթացում բեկում տեղի ունեցավ և դրանք սկսեցին ընթանալ այն օրակարգով, որը հայկական կողմը պնդում էր դեռ 2013 թվականից՝ ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմ։
«Ալիևն էլ Ապրիլյան պատերազմից հետո ստիպված էր այս իրողությանը համաձայնել Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում։ Ի դեպ, սա եղել է մեր իշխանությունների թողած ժառանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը»,- նշեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ այսպիսով ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը հսկայական կորուստներ կրել է ոչ միայն ռազմաճակատում, այլև դիվանագիտական ասպարեզում։