«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող խմբի հայտարարությունը
Հարգելի հայրենակիցներ,
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքով պայմանավորված ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերները, այդ թվում՝ հարևան Ադրբեջանի և Թուրքիայի ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականությունը, ինչը թելադրում է առավել մեծ պատասխանատվություն՝ ազգային արժեքների պաշտպանության համատեքստում,
գիտակցելով, որ երկրի ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև ազգի ինքնության պահպանման և հիմքերի էլ ավելի ամրապնդման կարևոր նախապայմաններից են ազգի բարոյական և հոգևոր միասնությունը, Հայաստանում բնակվող բոլոր ազգերի հետ համերաշխությունը, մեկնակետ ընդունելով յուրաքանչյուր անհատի հայրենասիրությունը հարգելու առաքելությունը,
արձանագրելով, որ առկա են հայ ազգի հոգևոր-բարոյական անվտանգությանը սպառնացող ռիսկեր,
«Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝
1. «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը մեկնարկում է ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրենքի նախագիծը կազմելու, հանրային քննարկում կազմակերպելու և ստորագրահավաքի միջոցով իրավասու մարմիններին ներկայացնելու գործընթացը: Օրենքի նախագիծը կարգավորելու է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ընտանիքի և մանկության պաշտպանության հետ կապված հարաբերությունները.
2. «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը չի հետապնդում քաղաքական շահեր սպասարկելու որևէ նպատակ և այս նախաձեռնության միջոցով փորձելու է օգնել նաև քաղաքական իշխանությանը՝ չեզոքացնելու հայ ազգի հոգևոր-բարոյական անվտանգությանը սպառնացող ռիսկերը.
3. «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունը բաց է ցանկացած անհատի, հասարակական կամ քաղաքական ուժի համար և կարող է հասարակության պառակտումը կանխող հարթակ դառնալ՝ ազգային արժեքների պաշտպանության հարցում.
4. «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության գործունեության կազմակերպչական և տեխնիկական հարցերով աջակցությունն իրականացնելու է «Ազգային արժեքների պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը.
5. «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնության գործունեության, օրենքի նախագծի հանրային քննարկման արդյունքների և հետագա գործողությունների մասին տեղեկատվությունը կներկայացվի հաջորդիվ:
«Ազգային արժեքների պաշտպանություն»
նախաձեռնության համակարգող խումբ՝
Գևորգ Դանիելյան, ի.գ.դ., պրոֆեսոր
Արամ Սաթյան, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
Հայկ Նահապետյան, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ
Կարինե Նալչաջյան, հ.գ.թ., դոցենտ
Ռուբեն Մելքոնյան, պ.գ.դ., պրոֆեսոր
Արա Զոհրաբյան, փաստաբան, ի.գ.թ.