Հայտնի են դարձել Մալիում խռովության կազմակերպիչները
Մալիի մայրաքաղաք Բամակոյի արվարարձանում խռովությունը կազմակերպել են մի խումբ բարձրաստիճան զինվորականներ: Այդ մասինհաղորդել է Maliweb պորտալը:
Պորտալի տվյալներով՝ խռովությունը կազմակերպել են գնդապետներ Դյաուն եւ Քամարան, ինչպես նաեւ գեներալ Շեյք Ֆանտամադի Դեմբելեն: Իր հերթին LSI պորտալը նշում է, որ խռովությունը կազմակերպել են չորս հոգի. բացի բարձրաստիճան զինվորականներից, դրան, ինչպես հաստատվում է, մասնակից է գնդապետ Մամա Սեկու Լելենտան:
Ավելի վաղ Բամակոյի արվարձանում գտնվող Քաթի բանակային ռազմակայանի զինված ուժերում խռովության մասին հայտնել Էին արեւմտյան երկրների մի շարք դեսպանություններ: Աղբյուրները ՌԻԱ Նովոստիին պատմել են, որ խռովարարները ձերբակալել են մի շարք նախարարների եւ բարձրաստիճան սպաների:
Bamada պորտալի տվյալներով, ազգային գվարդիայից մի խումբ զինվորականներ՝ գնդապետ Սադիո Քամարայի՝ Քաթիի զինվորական դպրոցի նախկին տնօրենի գլխավորությամբ, հսկողություն են սահմանել Մալիի զինված ուժերի գլխավոր շտաբի նկատմամբ:
Maliweb պորտալի տվյալներով, խռովարարները, ենթադրվում է, բռնել են երկրի ԱԳ նախարարության ղեկավար Տիեբիլե Դրամեին: Ավելի վաղ տեղական Malijet հրատարակությունը գրել էր, որ անհայտ անձինք առեւանգել են Մալիի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Աբդուլայե Դաֆեին:
Վերջին ժամանակներս Մալին գտնվում է ներքաղաքական սուր ճգնաժամի մեջ, ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթայի անհապաղ պաշտոնաթողությունը՝ մերժելով կարգավորման փոխզիջումային տարբերակները: