Պարոն Խունդկարյանին և պարոն Ավետիսյանին առաջադրվող հարցերը որքանով ընդհանրություն ունեն, այնուամենայնիվ, որոշ չափով տարբերվում են. Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր փակ հանդիպում անցկացրեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ, ում թեկնածությունն առաջադրել է Դատավորների ընդհանուր ժողովը։

Նշենք, որ ՍԴ դատավորի թեկնածուի համար կառավարությունն առաջադրել էր Վահրամ Ավետիսյանի, դատավորների ընդհանուր ժողովը` Երվանդ Խունդկարյանի, հանրապետության նախագահը` Արթուր Վաղարշյանի թեկնածությունները։ Կառավարության թեկնածու Վահրամ Ավետիսյանը հայտարարել էր, որ հրաժարվում է ՍԴ դատավորի թեկնածությունից։

Հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասաց, որ Երվանդ Խունդկարյանը պատասխանել է իրենց հարցերին։

«Լավ էր: Կարոտել էինք իրար, երկար ժամանակ չէինք տեսել: Հարցեր տվեցինք, պատասխաններ ստացանք, քվեարկության ժամանակ կերևա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

ԱԺ «Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հարցերին ի պատասխան՝ նշեց. «Խմբակցությունը, գիտեք, որ բոլոր թեկնածուների հետ՝ անկախ, թե որ կառույցի համար է թեկնածություն ներկայացվում, բոլոր թեկնածուների հետ մենք նախապես հանդիպում ենք, և պարոն Խունդկարյանը, իհարկե, բացառություն չէր: Խմբակցության ոչ բոլոր անդամներն են ներկա եղել, խմբակցության կեսը գրեթե: Պատգամավորներն ուղղել են բոլոր էն հարցերը, որ իրենց հուզում էին, նաև հանրության շրջանում շրջանառվող որոշակի շեշտադրումներ, որոնք մամուլում արծարծվել են, նույնպես ուղղվել են պարոն Խունդկարյանին»:

Հարցադրումներին, թե արդյո՞ք իշխանությունը Վահրամ Ավետիսյանի փոխարեն թեկնածու ունի, և նա ասել էր՝ անհնար է համարում 80 ձայն ստանալը, ինչո՞ւ, իր հետ հանդիպումն ինչպիսի՞ մթնոլորտում էր անցել, Լիլիթ Մակունցը պատասխանեց.

«Հանդիպումն անցել է այն մթնոլորտում, ինչ սովորաբար մյուս թեկնածուների հետ, այսինքն՝ հնչում են տարբեր հարցեր, այդ թվում՝ կարող են հնչել սուր հարցեր, որոնք հնչել են:

Ինչպես, նորից եմ ուզում կրկնել, բոլոր թեկնածուների հետ հանդիպման ժամանակ է լինում, հավանաբար դա էր պատճառը, որ առանձին պատգամավորների հարցադրումներից պարոն Ավետիսյանի մոտ կար այդպիսի տպավորություն:

Ինչ վերաբերում է կառավարության թեկնածուներին՝ այս պահի դրությամբ «Իմ քայլը» խմբակցությունը չունի որևէ տեղեկատվություն՝ արդյո՞ք կառավարությունն ունի թեկնածու, թե՞ ոչ: Երբ ունենա, կարծում եմ, բոլորս տեղյակ կլինենք»:

Հիշեցնենք՝ Վահրամ Ավետիսյանը ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես նշել էր.

««Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում՝ նաև ինձ համար անընդունելի: Հետևաբար՝ նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար»:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե այն քննադատությունը, ինչը հնչում է Ե. Խունդկարյանի հասցեին, հնչում էր նաև Վ.Ավետիսյանի հասցեին, թե նախկին իշխանությունների հետ է աշխատել, թե Ա1+-ն է փակել, որ չնայած Մարտի 1-ին քրեական դատարանների հետ կապ չի ունեցել, բայց եղել է դատական համակարգում, և հարցադրումին՝ արդյո՞ք հնարավոր է՝ նորից վերջում ստացվի, որ ձայները չեն հերիքում, թե՞ իրեն կընտրեք, Լիլիթ Մակունցը նշեց.

«Նախ ուզում եմ ձեր հարցադրման վերջին շեշտադրման մասին խոսել՝ պետք է արձանագրենք, որ պարոն Ավետիսյանն ինքն է որոշել, որ չի ուզում, որպեսզի ԱԺ-ն, Կառավարությունը դիտարկեն իր թեկնածությունը: Եվ այստեղ մենք անելիք չունենք, այլ թեկնածուն է իր որոշումը կայացրել, և մենք հարգում ենք իր որոշումը, մաղթում ենք նրան իր մասնագիտական գործունեության մեջ հաջողություններ:

Ինչ վերաբերում է պարոն Խունդկարյանին և պարոն Ավետիսյանին առաջադրվող հարցերին՝ այդ հարցերը որքանով ընդհանրություն ունեն (բնականաբար, իրավական դաշտում երկուսն էլ գործունեություն են ծավալել), այնուամենայնիվ, հարցերը որոշ չափով տարբերվում են: Նորից պետք է ասեմ, որ պատգամավորներն իրենց հուզող բոլոր հարցերը՝ առանց սահմանափակումների, ներկայացրին թեկնածուին»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նշեց, որ փակ հանդիպման ընթացքում հնչել են բոլոր այն հարցերը, որոնք հուզել են պատգամավորներին, իսկ մանրամասների մասին՝ նկատեց. «Եթե պարոն Խունդկարյանը հարկ կհամարի խոսել մանրամասների մասին, ես կառաջարկեմ, որ իրեն հարցադրումներն ուղղեք»:

Հարցին, թե հանդիպումից հետո խմբակցությունը երկար ժամանակ քննարկում էր. արդյո՞ք անհամաձայնություն կար, նա պատասխանեց.

«Մենք այլ հարց ենք քննարկել, պարոն Խունդկարյանին չառնչվող»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե «Իմ քայլը» հստակ որոշել է պաշտպանել Խունդկարյանի թեկնածությունը, և հարցադրումին՝ արդյո՞ք հավակնություններ կան նրա՝ ՍԴ նախագահ դառնալու հետ կապված, Լ. Մակունցը ասաց. «ՍԴ նախագահ դառնալու հետ կապված, կամ ընտրվել-չընտրվելու հետ կապված՝ մենք այս պահին որևէ բան հնչեցնել չենք կարող, որովհետև նաև թեկնածուն պետք է գա ԱԺ, լիագումար նիստերի դալիճում նույնպես կհնչեն հարցեր, և պատգամավորներն իրենք փակ գաղտնի քվեարկությամբ կորոշեն իրենց անելիքը»:

Դիտարկմանը, թե խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը շարունակում է պնդել, որ այս գործընթացները լեգիտիմ չեն, և, ըստ էության, տեղի է ունենում հանցագործություն, նա արձագանքեց. «Ես կարող եմ խոսել «Իմ քայլը» խմբակցության կողմից և մեր մոտեցումների մասին: Մենք հավատարիմ ենք մնում մեր այն հանձնառությանը, որ ուզում ենք ունենալ անաչառ և պրոֆեսիոնալ դատական համակարգ, և Սահմանադրական դատարանի հետ կապված ամբողջ գործընթացների ընթացքում մեր այն ելույթները, որոնք հնչել են, թե ինչպիսի մոտեցում ունենք մենք ապագա ՍԴ դատավորների հետ կապված, զերծ որևէ քաղաքական ազդեցությունից, մենք հենց այդ սկզբունքով և մոտեցումներով ենք առաջնորդվում: Իսկ արտախորհրդարանական, քաղաքական ուժերի կամ առանձին անձանց մեկնաբանությունների թույլ տվեք չանդրադառնալ»:

Լիլիթ Մակունցը վերջում հավելեց, որ իր տպավորությունները կարտահայտի փակ գաղտնի քվեարկությամբ:

Տեսանյութեր

Լրահոս