Ինչի՞ց կամ ումի՞ց վախեցավ Արայիկ Հարությունյանը

Այսօր առավոտյան լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մերժել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպման առաջարկն այն պատճառաբանությամբ, որ Վանեցյանի բռնած քաղաքական կուրսն իր համար անընդունելի է, և իր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներն Արցախի անվտանգության, զարգացման վերաբերյալ նույնական են, և նման հանդիպումը կարող է տարընկալումների, տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ: 168.am-ը կապ էր հաստատել Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ՝ ճշտելու համար տարածված տեղեկատվությունը, ինչին ի պատասխան՝ Պողոսյանը բառացիորեն ասել էր.

«Հանդիպման առաջարկի հետ կապված որևէ մերժում չի եղել նախագահի կողմից: Ընդամենը կա ծանրաբեռնված  օրակարգ, այդ օրակարգի ընթացքում, եթե կարողանանք ժամանակ գտնել, անպայման հանդիպումը կայանալու է: Պարոն Վանեցյանի նկատմամբ պարոն նախագահն ունի շատ դրական վերաբերմունք, այս առումով որևէ խնդիր չկա: Բացի դրանից, պարոն Վանեցյանի ղեկավարած պատվիրակությանն արդեն հանդիպել է Խորհրդարանի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարն է ընդունել, այնպես որ, այստեղ  քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել ես ուղղակի անիմաստ եմ համարում»:

Չնայած այս պնդումներին՝ մեր այս հրապարակումից ժամեր անց նույն Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածում, որ Արցախի նախագահի հետ հանդիպման չկայանալու պատճառը միայն ծանրաբեռնված գրաֆիկը չի եղել….

«Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը: Եվ սա ամենևին անձնական բնույթի հարց չէ…»,- գրված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջում:

168.am-ը կրկին կապ հաստատեց Վահրամ Պողոսյանի հետ՝ պարզելու համար, թե ի՞նչն է պատճառը, որ ժամերի ընթացքում փոփոխվում է հարցի շուրջ իր իսկ կողմից արված մեկնաբանությունը:

«Իմ գրառումը վերջնական իմ պատասխանն է թեմայի շուրջ»,- մեզ հետ զրույցում ասաց մամուլի խոսնակը:

Ստեղծված իրավիճակը հասկանալու մեր փորձերին, թե ի՞նչ փոխվեց ժամերի ընթացքում, չէ՞ որ ընդամենը մի քանի ժամ առաջ մամուլի խոսնակը անիմաստ էր համարում Հարությունյանի և Վանեցյանի չհանդիպելու մեջ  քաղաքական ենթատեքստ փնտրելը, արդյոք հանդիպման առաջարկ և մերժում եղե՞լ է, Պողոսյանն արձագանքեց.

«Բավարարվենք այսքանով, իմ գրառման մեջ ամբողջությամբ կա այն, ինչը համապատասխանում է իրականությանը: Ինչ որ գրել եմ, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»:

Հիշեցնենք, որ Արցախում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կուսակիցների հետ միասին հանդիպում էր ունեցել Արցախի ԱԱԽ քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ: Վերջինս չէր վախեցել հենց իր կուսակցության գրասենյակում ընդունել Վանեցյանին: Ինչի՞ց կամ ումի՞ց վախեցավ Արայիկ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս