«Արթուր Վանեցյանի հետ հանդիպման առաջարկի որևէ մերժում չի եղել նախագահի կողմից». Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մերժել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպման առաջարկը: Նրա ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունն արդեն մի քանի օր  Արցախում է և հանդիպումներ է ունեցել տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Արցախ մտնելուն պես Արթուր Վանեցյանը մի քանի անգամ զանգահարել է Արայիկ Հարությունյանին, հանդիպում խնդրել, սակայն Արայիկ Հարությունյանը մերժել է՝ պատճառաբանելով, որ Վանեցյանի բռնած քաղաքական կուրսն իր համար անընդունելի է, և իր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներն Արցախի անվտանգության, զարգացման վերաբերյալ նույնական են, և նման հանդիպումը կարող է տարընկալումների, տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ։ 168.am-ը կապ հաստատեց Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հետ, նա ժխտեց, որ Վանեցյանի հանդիպման առաջարկը մերժվել է:

«Հանդիպման առաջարկի հետ կապված որևէ մերժում չի եղել նախագահի կողմից: Ընդամենը կա ծանրաբեռնված  օրակարգ, այդ օրակարգի ընթացքում, եթե կարողանանք ժամանակ գտնել, անպայման հանդիպումը կայանալու է»,- ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:

Վահրամ Պողոսյանը նշեց, որ հանդիպման չկայանալը որևէ կապ չունի տվյալ լրատվամիջոցի բերած պնդումների հետ:

«Պարոն Վանեցյանի նկատմամբ պարոն նախագահն ունի շատ դրական վերաբերմունք, այս առումով որևէ խնդիր չկա: Բացի դրանից, պարոն Վանեցյանի ղեկավարած պատվիրակությանն արդեն հանդիպել է Խորհրդարանի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարն է ընդունել, այնպես որ, այստեղ  քաղաքական որևէ ենթատեքստ փնտրել ես ուղղակի անիմաստ եմ համարում»,- ասաց Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակը:

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս