Թրամփը Օբամայի վարչակազմը համարել է պատմության մեջ ամենակոռումպացվածը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբամայի կողմից հնչած քննադատությանը՝ նրա ամուսնու՝ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը համարելով ամենակոռումպացվածը պատմության մեջ:
Ավելի վաղ Միշել Օբաման հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփին վատ նախագահ է համարում երկրի համար, որովհետեւ նա քաոս է առաջացնում եւ գլուխ չի հանում, իսկ եթե երկրորդ ժամկետով վերընտրվի, ապա իրադրությունն ԱՄՆ-ում կվատթարանա: Նա քննադատել է Թրամփի գործողությունները, որոնք հանգեցրել են գործազրկության աճի, տնտեսության քայքայման, առողջապահության ոլորտում խնդիրների, ռասիզմի, իսկ միջազգային ասպարեզում՝ ոչ միայն համաձայնագրերից հրաժարման, որոնք կնքել էր իր ամուսինը, այլեւ ավանդական դաշնակիցների կորստի:
«Օբամայի եւ Բայդենի (որը նախկին վարչակազմում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը) վարչակազմն ամենակոռումպացվածն է պատմության մեջ, ներառյալ այն փաստը, որ նրանց բռնել են իմ ընտրարշավը լրտեսելու համար, ինչն ամենախոշոր քաղաքական սկանդալն է մեր երկրի պատմության մեջ: Դա կոչվում է դավաճանություն եւ նույնիսկ՝ ավելին:
Շնորհակալություն շատ բարի խոսքերի համար, Միշե՛լ»,-գրել է Թրամփը Twitter-ում:
Ավելի վաղ Թրամփը CBN News հեռուստաալիքին տված հարցազրույցում Օբամային մեղադրել է պատական դավաճանության մեջ, հայտարարելով, որ 2016 թվականին իր նախընտրական արշավը լրտեսել են:
Թրամփը քանիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատակիցները լրտեսել են 2016 թվականի իր նախընտրական արշավը:
Թրամփի նկատմամբ հետաքննությունն անցկացվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կողմից 2016-17 թվականներին՝ դեմոկրատ նախագահ Օբամայի օրոք: Այն կրում էր «Խաչաձեւ կրակի փոթորիկ» կոդային անվանումը: Հետաքննիչները փորձում էին պարզել, թե այն ժամանակ եղել է արդյոք նախագահի թեկնածու, որն ընտրություններում հաղթանակ տանելու համար Ռուսաստանի իշխանությունների հետ համաձայնության մեջ է եղել: Ավելի ուշ այդ նույն հարցը հետաքննել է անկախ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, որը 2019 թվականի գարնանը եկել է այն եզրակացության, որ նման համաձայնության ապացույցներ չկան: Ռուսաստանը եւ Թրամփը կտրականապես հերքել են մեղադրանքները. ԱՄՆ-ի նախագահը դրանք համարում է քաղաքականապես մոտիվացված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: