Իսրայելական ռազմաօդային ուժերը գնդակոծել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտները Գազայի հատվածում
Իսրայելի ռազմաօդային ուժերը լույս օգոստոսի 18-ի գիշերը գնդակոծել է ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտները Գազայի հատվածում՝ ի պատասխան իսրայելական տարածքի պաղեստինյան գնդակոծումներին: Այդ մասին գրում է The Times of Israel-ը:
ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ ասվում է, որ այս անգամ թիրախ էր դարձել «ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման ընդերկրյա ենթակառուցվածքը»:
Սակայն, իսրայելական թերթի տվյալներով, հարվածները հասել են Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի մերձակայքի այն տարածքներին, որոնք ընկած են հարավում, Եգիպտոսի հետ սահմանի մերձակայքում: Նաեւ իսրայելցի զինվորականները հարված են հասցրել Յասիր Արաֆաթի անվան օդանավակայանին:
Այդ գնդակոծումը Իսրայելի զինվորականներն իրականացրել են ի պատասխան պաղեստինյան հերթական գրոհի, որի ժամանակ կիրառել են օդապարիկներին ամրացված պայթուցիչներ: Այդ օդապարիկները պաղեստինցիները սահմանով նետում են Իսրայելի կողմը: Նախօրյակին դրանցից մեկի պատճառով հրդեհ է տեղի ունեցել Իսրայելի Սդորոտհ քաղաքում, անմիջապես մանկապարտեզի մերձակայքում: Հրշեջներն արագորեն մարել են կրակը:
Նախօրյակին իսրայելական տանկերը գնդակոծել են ՀԱՄԱՍ խմբավորման դիտակետերը Գազայի հատվածում՝ այնտեղից օդապարիկներին ամրացված պայթուցիչների արձակմանն ի պատասխան: Նրանք կրակ են բացել ՀԱՄԱՍ-ի դիրքերին, որոնք գտնվում են Բեյթ-Խանուն եւ Խան-Յունիս քաղաքներից ոչ հեռու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: