6-ամյա սեւանցին հաղթող է ճանաչվել խոհարարների հանրապետական մրցույթում
Սեւան քաղաքի թիվ 6 դպրոցի աշակերտ, վեց տարեկան Մհեր Հարությունյանը հաղթող է ճանաչվել Գորիսում վերջերս կայացած հանրապետական խոհարարական մրցույթում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, փոքրիկ Մհերի մայրը տեղեկացել ու միանգամից հայտ է ներկայացրել Գորիսում կազմակերպվող խոհարարական դասընթացներին եւ դրան հաջորդող մրցույթին: Մհերը, որ ամենակրտսեր մասնակիցն է եղել, կարողացել է զարմացնել եւ հիացնել բոլորին ու նվաճել հաղթողի կոչումը:
«Նրա պատրաստած աղցանը եւ լցոնած ձուկը ճանաչվել է լավագույնը` արժանանալով առաջին մրցանակի: Փոքրիկ Մհերը պատմում է, ներկայացնում իր պատրաստածը` բաց չթողնելով ոչ մի մանրուք: Երեք-չորս տարեկանից նա սեր է ցուցաբերել խոհանոցի հանդեպ՝ խառնվելով տատիկի ու մայրիկի խոհարակական գործերին, ավելին՝ տատիկին օգնել է գաթա պատրաստել, ապա անցել է տորթերին, աղցաններին:
Սեւանցի փոքրիկ խոհարարի այս տարվա հայտնությունն աննկատ չի անցել: Մրցույթից օրեր անց նա արդեն հանրապետության ճանաչված խոհարար, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանի հյուրն էր:
Հյուրընկալության մասին պարոն Մամուլյանն անդրադարձել է իր ֆեյսուբքյան էջում եւ նշել. «Վերջերս ինձ հյուր էր եկել Մհեր Հարությունյանը՝ Սեւան քաղաքից։ Մհերը ընդամենը 6 տարեկան է, բայց արդեն կարողանում է ինքնուրույն պատրաստել մի շարք ուտեստներ։ Մհերի երազանքն էր ինձ հետ պատրաստել, իսկ իմ երազանքն է իմ փորձը փոխանցել տաղանդավոր երիտասարդ սերնդին, այս առումով Մհերը դեռ երիտասարդ էլ չէ, նա դեռ տակավին պատանի է, բայց, այնուամենայնիվ, իմ երազանքն էլ կատարվեց, որի համար շնորհակալություն քեզ, Մհեր»։
Մհերի համար ամեն ինչ դեռ առջեւում է, իսկ այժմ նա պատրաստվում է մասնակցել տոլմայի փառատոնին: Իր մանկական անմիջականությամբ ու պարզությամբ Մհերը գծագրում է նաեւ իր ապագան. ցանկանում է դառնալ հայտնի խոհարար եւ Սեւանում բացել ռեստորան»,-նշեց Արմինե Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան