Միջազգային օլիմպիական կոմիտեն կշարունակի համագործակցությունը հիմնական հովանավորներից մեկի հետ
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մինչև 2028 թվականը երկարաձգել է հովանավորչական պայմանագիրը Procter & Gamble (P&G) ընկերության հետ:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Նրանց գործընկերությունը սկսվել է 2010 թվականին: Նոր համաձայնագիրը հաստատել են ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և P&G -ի բրենդ տնօրեն Մարկ Պրիտչարդը։
Գործընկերությունը ներառում է «Տոկիո -2020», «Պեկին-2022», «Փարիզ-2024», «Միլան-Կորտինա-2026» և «Լոս Անջելես-2028» օլիմպիական խաղերը։
Կորպորացիան ՄՕԿ-ի հետ ստեղծել է նաև «Բարի կամեցողություն» հիմնադրամ։ Այն կաջակցի օլիմպիական և պարալիմպիկ մարզիկներին, ովքեր աշխատում են մարդկային արժեքների առաջխաղացման ծրագրերի վրա: Օգնության համար կարող են դիմել այն մարզիկները, ովքեր համագործակցում են հասարակական կազմակերպությունների հետ և աշխատում են հումանիտար նախագծերի շուրջ։