Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատական հերթական նիստը։

Մ. Գրիգորյանը դատական նիստին ներկա չէր. պաշտպանները դատարանին ներկայացրին համապատասխան բժշկական փաստաթուղթ:

Հիշեցնենք՝ հուլիսի 21-ին տեղի ունեցած դատական նիստում ԵԿՄ վարչության նախկին նախագահի պաշտպանները դատարանին էին ներկայացրել Գրիգորյանների ընտանիքին պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության՝ պետական բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունների մասին փաստաթղթերը: Դատարանը նախընտրել էր հարցում կատարել լիազոր մարմնին և այդ հիմքով հետաձգել էր նիստը:

Այս դատական նիստին արդեն դատավոր Մ. Մարտիրոսյանն այսօր հրապարակեց միջնորդության վերաբերյալ կայացրած որոշումը. «միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման»: Իսկ մինչ այդ դատավոր Մարտիրոսյանը հրապարակեց մերժման համար հիմք հանդիսացած հանգամանքները.

«Քննարկելով միջնորդությունը՝ դատարանն արձանագրում է հետևյալը՝ ամբաստանյալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատական քննության ընթացքում միջնորդել են թույլատրել «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ դրամական միջոցների հաշվին կատարել բյուջեի հանդեպ պարտավորությունները, դատարանին են ներկայացրել ընկերության բանկային հաշիվների դրամարկղային մնացորդի և հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքներ:

Դատարանի կողմից հարցում է իրականացվել ՊԵԿ, ստացվել է պատասխան, բացի այդ՝ պաշտպանության կողմը նույնպես համապատասխան հարցում է իրականացրել և դատարանին է ներկայացրել պատասխանը և տեղեկանքը, որտեղ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն է ներառված:

Դատարանն արձանագրում է, որ դեռևս քրեական գործի նյութերը հետազոտված չեն, կազմակերպության գույքի վրա  արգելանք դնելու մասին որոշումը և դրանից բխող հանգամանքները մանրամասն հետազոտված չեն, բացի այդ՝ դատարանը լիազորված է իրականացնել Սահմանադրությամբ իրեն վերապահված գործունեությունը և թույլատրել-չթույլատրելու լիազորություններ քրեական դատավարության օրենսգիրքը, և Սահմանադրությունը դատարանի համար չի նախատեսել: Այսինքն՝ մասնավորապես որոշում կայացնել թույլատրել, որպեսզի «Արա և Այծեմնիկը» կատարի իր հարկային պարտավորությունները: Դատարանը երբեք չի արգելել որևէ կազմակերպության հարկային պարտավորությունները կատարելու առումով»:

Դատավորը կազմակերպությանն առաջարկեց ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման հետ քննարկել ստեղծված իրավիճակը:

Նիստի ընթացքում պաշտպանական կողմը ներկայացրեց  հաջորդ միջնորդությունը՝ քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ: Փաստաբան Լևոն Բաղդասարյանը միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ իր պաշտպանյալի գործով կա կաշկանդվածություն դատարանի և առողջապահության մարմնի կողմից.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 295 հոդվածի ուժով, դատարանը կասեցնում է քրեական գործի վարույթը, եթե մեղադրյալը հիվանդացել է ծանր հիվանդությամբ»,- արձանագրեց փաստաբանը:

Մեղադրող կողմը, սակայն, նշեց, թե որևէ մեկը չի հերքում, որ Մանվել Գրիգորյանը հիվանդություններ ունի, բայց բժշկական տեսանկյունից ծանր հիվանդությունը կարող է քրեադատավարական առումով խոչընդոտ չհանդիսանալ, որ անձը մասնակցի դատական նիստին:

Պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը դատարանում քննարկելուց հետո  նիստը հետաձգվեց ամբաստանյալի բացակայության պատճառով: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ  օգոստոսի 25-ից սեպտեմբերի 16-ն արձակուրդում է լինելու. ուստի հաջորդ նիստը կկայանա 2020 թ. սեպտեմբերի 22-ին:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ դատական նիստում փոխվել է  գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Այդ ժամանակ նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր. գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։ Գրիգորյանի պաշտպանները դատարանին մի քանի անգամ միջնորդել են, որպեսզի բուժում ստանա արտերկրում, սակայն դատարանն այդ միջնորդությունները մերժել է։ Ըստ փաստաբանների՝ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։

 

 

Տեսանյութեր

Լրահոս