Ինչո՞ւ Արթուր Մեսչյանը հեռացավ Հայկ Մարությանի բացակայության ժամանակ
Երեկ հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն: Հրաժարականի դիմումը նա ներկայացրել էր փոխքաղաքապետ, քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայությամբ ժամանակավորապես վերջինիս պարտականությունները ստանձնած Հրաչյա Սարգսյանին:
Թեև օգոստոսի 4-ին Մաշտոցի պուրակի թեմայի հետ կապված ասուլիսի ընթացքում հնչել էր Արթուր Մեսչյանի՝ աշխատանքից ազատվելու մասին հարց, ու քաղաքապետն էլ ասել էր, որ «Պարոն Մեսչյանն ի սկզբանե, երբ գալիս էր, իր սկզբի ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես 2 տարի ժամկետով: Այդ 2 տարին մոտենում է իր ավարտին, և բնական է, որ այդ մարդը սկզբում ինչպես ասել էր, իմ ու բոլորի կողմից շատ հարգված Արթուր Մեսչյանը մնում է իր խոստման շրջանակներում», այնուամենայնիվ, նկատենք, որ Արթուր Մեսչյանի պաշտոնավարման 2 տարին լրանալուն դեռ կա մոտ 2.5 ամիս ժամանակ:
168.am-ին հայտնի դարձավ, որ, այնուամենայնիվ, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետը խաղաղ չի հեռացել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջինս կոնֆլիկտ է ունեցել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, քանի որ քաղաքապետն իր ընդունած որոշումների հետևանքով առաջացած խնդիրները փորձել է բարդել Արթուր Մեսչյանի վրա, ինչը վերջինս, փաստորեն, չի հանդուրժել:
Ըստ էության Արթուր Մեսչյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել է հենց քաղաքապետի բացակայությամբ՝ թերևս չցանկանալով, որ վերջինս ստորագրի աշխատանքից ազատվելու իր դիմումը: Պետական ապարատում աշխատանքի փորձ ունեցողները կհասկանան՝ ինչ է դա նշանակում: