«ԳեոՊրոՄայնինգը» 50 մլն դրամ սուբսիդավորում կտրամադրի սոցիալական ծրագրերի իրականացմանը
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 միլիոն դրամի չափով սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս քաղաքի սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետական սուբվենցիոն ծրագրերին։ Համագործակցության համաձայնագիրը ստորագրվեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանի եւ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինի կողմից: Համաձայնագրի ստորագրմանը ներկա էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Ինչպես համաձայնագրի ստորագրումից հետո «Արմենպրեսին» տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, տրամադրված գումարն ուղղվելու է 2019-2020 թթ. Վարդենիս համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը: «2019-2020 թվականների ընթացքում Վարդենիսում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 420 միլիոն դրամ, որի շրջանակներում կատարվել է Վարդենիս համայնքի կենտրոնական փողոցների 2 կմ երկարությամբ հիմնովին ասֆալտապատում, կենտրոնական 5 մեծ փողոցների մայթերի հիմնանորոգում եւ եզրաքարերի տեղադրում, Վիկտոր Համբարձումյանի անվան զբոսայգու հիմնանորոգում եւ կանաչապատում, Վարդենիսի թվով 43 բազմաբնակարան շենքերի մուտքերի դռների եւ պատուհանների տեղադրում, Վարդենիս քաղաքի նրբանցքների բարեկարգում, համայնքի կենտրոնական փողոցների կանաչապատում: Միաժամանակ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ 2021 թվականին մեր համայնքում սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթություն պահանջող ծրագրերի ֆինանսավորման եւ իրականացման շուրջ:
Ավելի վաղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իր «Ռեսուրսները հանուն բարեկեցության» սոցիալական ծրագրի շրջանակում տարածաշրջանի չորս դպրոցներում եւ մանկապարտեզում իրականացրել է գազատարի անցկացման եւ ջեռուցման համակարգերի կառուցման լայնամասշտաբ ծրագիր։ Ընկերությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում մարզի հազարավոր սոցիալապես անապահով ընտանիքների ապահովեց սննդամթերքով, ֆինանսական աջակցություն ցուցաբերեց բնակչության թիրախային խմբերին՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին, վետերաններին, զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ բուժաշխատողներին՝ իրենց մարդասիրական արարքների եւ համավարակի դեմ պայքարի համար, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը։ Մեր համագործակցության արդյունքում Վարդենիս համայնքը տարեցտարի շենանում ու բարեկարգվում է»,- նշեց Արամ Մելքոնյանը:
Խոսրով Խլղաթյան