Բաժիններ՝

«Կազմակերպությունները, որոնք կարող են լինել 23-րդ միջոցառման շահառու, ունեն 23 հազարը գերազանցող աշխատակիցներ». Տիգրան Խաչատրյան

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին և համավարակի տնտեսական հետևանքների մեղմացմանը՝ ուղղված կառավարության երկու նոր որոշումներին: Նկատենք՝ այդ որոշումներն առնչվում էին զբոսաշրջային և գյուղատնտեսական ոլորտներին:

«Առաջին միջոցառումը, որը թվով 23-րդն էր, վերաբերում էր զբոսաշրջությանն առնչվող երեք հիմնական՝ հանրային սննդի, գիշերակացի կամ հյուրանոցային և առողջարանային ծառայությունների ու զբոսաշրջության գործակալությունների գործունեությանն առնչվող ոլորտներում աջակցության ցուցաբերմանը:

Մենք մի շարք քննարկումներ ենք ունեցել ոլորտը ներկայացնող տարբեր միությունների և նաև ուղիղ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և եկել ենք այն եզրակացության, որ նշված բնագավառում գործող կազմակերպությունները խնդիրներից մեկը համարում են անձնակազմի ու աշխատակազմի պահպանումը, որովհետև տարբեր ոլորտներում՝ ներառյալ վերջին երկու ամիսները, նախորդ տարիների համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը չի գերազանցում 50 տոկոսը»,- ներկայացրել է Խաչատրյանը:

Ըստ նախարարի՝ հաշվի առնելով, որ աջակցությունն ուղղված է աշխատատեղերի պահպանմանը, ապա առաջին կանոնը, որ սահմանել են աջակցության հիմքում, առնվազն երեք աշխատող ունենալու կանոնն է: Նա նաև հավելեց, որ աջակցությունը կկիրառվի այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք ստեղծվել են մինչև 2020թ.-ի մարտի 31-ը:

«Մի քանի կանոններ կան աջակցության հիմքում. մենք խրախուսում ենք այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք, չնայած եկամուտների էական կրճատմանը, շարունակել են պահպանել աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը: Այդ կազմակերպությունները կստանան աջակցություն յուրաքանչյուր 3-րդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորման չափով կամ աշխատավարձի ֆոնդի 33 տոկոսի չափով:

Կազմակերպությունները, որոնց չի հաջողվել պահպանել անձնակազմի 70 տոկոսը, նույնպես կօգտվեն աջակցությունից, սակայն յուրաքանչյուր 4-րդ աշխատակցի, կամ՝ աշխատավարձի ֆոնդի 25 տոկոսի չափով:

Այս ամսվա դրությամբ կազմակերպությունները, որոնք կարող են լինել 23-րդ միջոցառման շահառու, ունեն 23 հազարը գերազանցող աշխատակիցներ, ինչը նշանակում է, որ 23-րդ միջոցառման (թվերը պատահաբար համընկան) շրջանակներում մեր կողմից աջակցվող աշխատատեղերում աշխատակիցների աշխատավարձը փոխհատուցելու քանակն առնվազն  5000-6000-ը գերազանցող է:

Մեր կարծիքով՝ սա զգալի չափով աջակցություն է. մոտավորապես ամսական հատուցվող գումարի չափը կարող է կազմել 600-700 միլիոն դրամ»:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ աջակցությունից չեն կարող օգտվել այն կազմակերպությունները, որոնք չեն պահպանել անձնակազմի 50 տոկոսը, և նաև, եթե կազմակերպությունը եկամուտները հաստատող փաստաթղթեր՝ ՀԴՄ կտրոններ կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս չի  գրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս