Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Լիբանանում այցելել է Բեյրութի Թեքեյան կենտրոն
ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում այցելել է Բեյրութի Թեքեյան կենտրոն:
Հայկական պատվիրակության կազմում է եղել նաև Հայաստան-Լիբանան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը: Պատվիրակությանն ուղեկցել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Աթաբեկյանը: Կենտրոնում հյուրերին դիմավորել են ՌԱԿ Լիբանանի Շրջանային վարչության ատենապետ ընկ. Սևակ Հակոբյանը, ՌԱԿ-ի նախկին պատգամավոր ԹՄՄ Հիմնադիր ժողովի ատենապետ ընկ. Հակոբ Գասարճյանը, ՌԱԿ Լիբանանի Շրջանային վարչության փոխատենապետ ընկ. Միքայել Վայեճյանը, ատենադպիր Արմեն Վայեճյանը և փոխատենադպիր ընկ.հի Ջեքի Դերվիվշյանը, ինչպես նաև Թեքեյան կենտրոնի վարիչ տնօրեն ընկ. Արա Թերզյանը:
Պատվիրակությունը Թեքեյան կենտրոնում ծանոթացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շենքին հասցված վնասներին՝ շրջելով տարբեր հարկերով և այցելելով ԶԱՐԹՕՆՔ-ի խմբագրություն:
Կողմերի միջև տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատվիրակության առաքելությունն ու ներկա իրավիճակում լիբանանհայության հույզերն ու մարտահրավերները:
ՌԱԿ-ի և ԹՄՄ-ի ղեկավարությունն իր գնահատանքն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը, թե՛ Լիբանանին և թե՛ հայ համայնքին կատարված օժանդակությունների համար: Մասնավորապես, գնահատանքի է արժանացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ստեղծված հատուկ հաշվեհամարը՝ ուղղված լիբանանահայության օգնությանը:
Պատվիրակությունը հաստատել է հայրենի պետության պատրաստակամությունը՝ իր ունեցած միջոցներով միշտ Լիբանանի և լիբանանահայության կողքին լինելու առնչությամբ: