Ո՞ր միջազգային կառույցներն են Հայաստանին վարկ տրամադրել կրթական փոփոխությունների համար և ինչո՞ւ
Օրերս Հանրային Հեռուստաընկերության եթերում անդրադառնալով դպրոցական նոր համակարգի ներդրմանը և պատասխանելով հարցին, թե՝ «այս փոփոխությունները տարեկան ենթադրում են հավելյալ 4.4 միլիարդ դրամ, կա՞ն այդ գումարները», ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր.
«Դա, ըստ էության, անհրաժեշտ է արդեն 2022-23 թթ․ վերջից, բայց մինչև այդ էլ վերապատրաստումներին և փորձարկումներին անհրաժեշտ են գումարներ: Մենք դոնոր կազմակերպությունների հետ ունենք համագործակցություն, բացի այդ՝ վարկային ծրագրով ենք դա իրականացնում, բայց, իհարկե, լրացուցիչ գումարների ներգրավման անհրաժեշտության կա»:
168.am-ը գրավոր հարցում ուղարկեց նախարար Ա. Հարությունյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով.
«1. Որո՞նք են այդ դոնոր կազմակերպությունները, ովքե՞ր են Հայաստանի վարկ տրամադրել այդ փոփոխությունների համար և ի՞նչ շահագրգռություն ունեն ՀՀ-ում նոր դպրոցական համակարգ ներդնելու համար։
2. Կարո՞ղ ենք ծանոթանալ այս պահին կրթական համակարգին առնչվող բարեփոխումների՝ հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների, օրինակելի ծրագրերի, նոր դասագրքերի ու նոր համակարգ ներդնելու ֆինանսական աղբյուրներին»:
Ստացանք հետևյալ պատասխանը փոխնախարար Ժաննա Անդրեասյանից.
«Տեղեկացնում ենք, որ 2019-2020 թվականների ընթացքում մշակվել է Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, որի հիման վրա մշակվել են հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծերը։ Դրանք այժմ ներկայացված են հանրային քննարկման. առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակվելուց և օրենքով սահմանված կարգով հաստատվելուց հետո Հանրակրթության պետական չափորոշիչը, առարկայական չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը կմտնեն ուժի մեջ։
Հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայումն իրականացվել է երկու ծրագրերի շրջանակներում՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագիր, որն իրագործվում է Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի կողմից (հումանիտար և հասարակագիտական բնագավառներ) և «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար նախաձեռնություն. կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտում» դրամաշնորհային ծրագիր։
Բնագիտամաթեմատիկական (STEM) ուղղությամբ առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշակման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվել է համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության միջև «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում» (հատուկ պայմաններ) ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» 1469–Ա որոշման:
ԵՄ դրամաշնորհային ծրագիրը՝ «ԵՄ-ն ի նպաստ նորարարության. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության փորձնական ծրագիրը» նախատեսված է բարելավելու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի դասավանդումը:
Ծրագիրն ունի երկու բաղադրիչ: Առաջինն ուղղված է աջակցելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը. լրամշակելու և վերամշակելու 5-12-րդ դասարանների բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (STEM) առնչվող նյութերը՝ տվյալ առարկաների գծով ՀՀ հանրակրթության ուսումնական ծրագրերը, դրանց առնչվող մանկավարժական նյութերը՝ դասագրքերը, ուսուցչի ուղեցույցները, նաև քննությունները կամ քննական ցուցումները, Հայաստանի ընտրված մարզ(եր)ում վերապատրաստելու ուսուցիչներին (լրամշակված և վերամշակված նյութերի ու դրանցով աշխատելու առաձնահատկությունների վերաբերյալ), գործարկելու այդ ուսումնական ծրագրերն ու դրանց առնչվող մանկավարժական նյութերը՝ դասագրքերը, ուղեցույցները Տավուշի մարզում (հնարավոր է նաև Շիրակի մարզում՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում), գնահատելու դրանց կիրառման փորձը և տալու դրանց համատարած կիրառման առաջարկներ:
Ծրագրի երկրորդ բաղադրիչն ուղղված է զարգացնելու կրթության որակի վրա ազդող, քաղաքականության մշակման գործընթացում ներգրավված առանցքային կառույցների կարողությունները:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 10,000,000 եվրո, որից ԵՄ ներդրումը՝ 10,000,000 եվրո: Ծրագրի տևողությունը 36 ամիս է՝ 23/12/2018 թ․- 22/12/2021 թ.: Դրամաշնորհային ծրագրով նախատեսված գործողություններն իրականացվում են Եվրամիության և Համաշխարհային բանկի կողմից, այդ թվում՝ փորձագետների հետ պայմանագրերի կնքումը, նախատեսված այլ գործողությունների կազմակերպումն ու իրականացումը, անհրաժեշտ վճարումները։ Պետությունը ծրագրի շրջանակներում հանդես չի գալիս իբրև կնքվող պայմանագրերի կողմ»:
Պատասխան նամակում, սակայն, չկա մեր այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ են միջազգային կառույցները շահագրգռված ՀՀ-ում նոր դպրոցական համակարգ ներդնելու, նոր ծրագրեր իրականացնելու և կամ կրթությունը բարելավելու համար։
Նկատենք, այս հարցի պատասխանն այս օրերին ավելի քան հետաքրքրական է՝ Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի շուրջ հնչող քննադատությունների համատեքստում: