«Մեր երեխաների հանդեպ անբարոյական քայլ են իրենք անում». Նորամարգի բնակիչ
Վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող Արարատի մարզի Նորամարգ համայնքի բնակիչներն ավելի վրդովվեցին Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցի նորանշանակ տնօրեն Գոհար Սահակյանի հետ կարճ հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ Նորամարգի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր հաստիքի երկու մրցույթների տապալվելուց հետո փոխվարչապետի որոշմամբ Գոհար Սահակյանը, որը համայնքից չէ և երբևէ չի աշխատել Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոցում, նշանակվել է Նորամարգի դպրոցի տնօրենի: Դպրոցի ուսուցիչներն և ծնողները վստահ են, որ նորանշանակ տնօրենն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմն է, ու հենց նա է եղել Գոհար Սահակյանի նշանակման հարցում գլխավոր դերակատարը:
Աշակերտների ծնողների հետ հանդիպման ժամանակ Գոհար Սահակյանը ժխտեց, թե մարզպետի մերձավորն է, ու ասաց, թե իր նշանակումը եղել է օրենքի սահմաններում:
Հանդիպումից հետո աշակերտների ծնողները հայտարարեցին, թե հանդիպումն իրենց չի գոհացրել: Ծնողներին ամենից շատ բորբոքել էր Գոհար Սահակյանի արձագանքը ծնողների ավելի վաղ արված այն հայտարարությանը , թե, եթե Սահակյանը լինի դպրոցի տնօրեն, իրենք իրենց երեխաներին դպրոց չեն ուղարկի: Նորանշանակ տնօրենը դրան արձագանքելով՝ ասել էր՝ «դա Ձեր խնդիրն է»:
«Ինքը՝ որպես տնօրեն, իրան հետաքրքիր չի՝ երեխաների վիճակը ինչ ա լինելու: Էդ մենակ վերադասների հետ պետք ա՞ իրանք աշխատեն: Ստեղ աշխատելու չկա՞, էսքան երեխաներ, աշակերտներ կան»,- ասաց Նորամարգի բնակիչներից մեկը:
Բնակիչների խոսքով՝ իրենք պայքարում են արդարության համար: Ըստ նրանց, եթե կայանար մրցույթ, չտապալվեր ու մրցույթի արդյունքում Գոհար Սահակյանն ընտրվեր տնօրեն, բողոքի նման ալիք չէր բարձրանա: Ըստ բնակիչների՝ կան մարդիկ, ում պետք է, որ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակվեր Գոհար Սահակյանը:
«Ւնչքան կարելի ա, էդ կառավարությունը, էդ վերադասներն էսքան անտարբեր են անցնում էսքան մարդկանց առաջ… Մենք պայքարել ենք, որպեսզի մեր խոսքը հասանելի լինի և օրենքով էդ ամեն ինչը լինի: Մենք դրա համար էսօր պայքարել ենք, հեղափոխություն ենք արել: Ինչի՞ համար ենք արել, որ ասեն՝ «Սերժից բեթար օրով եք, հա՞, ապրում», նման արտահայտություն լսե՞նք: Չէ՞ որ մեր խոսքը պետք ա հասանելի լինի, ինչքա՞ն կարելի ա սենց աչքերը փակ նայեն վերևից, մի հատ էլ խնդան… Դա սրիկայություն ա, անբարոյական քայլ էր մեր հանդեպ: Մեր երեխաների հանդեպ անբարոյական քայլ են իրենք անում: Աչքերը փակում են, օրենք են ասում, ի՞նչ օրենք, ստեղ օրենք չկա: Տվյալ դեպքում ես հայտարարում եմ, որ ստեղ օրենք չի գործել, ու թող պատկան մարմինները, պետական մարմինները դրանով զբաղվեն, նոր կասենք՝ օրենք կա՞ր, թե՞ չկար»,- ասաց Նորամարգի բնակիչը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում