Բաժիններ՝

«Թուրքիան երբեք դա չի հասկանա». Հովհաննես Խորիկյան

Շիրակի պետական համալսարանի դասախոս Հովհաննես Խորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որպես ՇՊՀ-ի «Պատմության և փիլիսոփայության ամբիոն»-ի վարիչի պաշտոնակատար, պ.գ.թ., դոցենտ` դատապարտում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների նոր հայեցակարգերի ու չափորոշիչների ազգադավ նախագծերը, և ստորև ներկայացնում եմ փոքրիկ գրառում թուրքերի մասին, որոնց հետ, ըստ ազգուրացների, հնարավոր է խաղաղ համագոյակցել: 2018 թվականի ապրիլյան իշխանափոխությունից հետո իշխանության հակազգային քաղաքականությունը և իշխանությանը սպասարկող «մտավորականները» ստիպում են կրկին քաղաքակրթական հետահայացության տեսանկյունից մոտենալ Թուրքիային` փորձելով հասկանալ ներկայի հարցադրումները:

Այս առումով, անկասկած, հետաքրքիր են դասական մտածողների կարծիքները թուրքերի մասին: Այսպես, ահա, թե ինչ է գրում XVIII դարի վերջին գերմանացի նշանավոր փիլիսոփա Հերդերը թուրքերի մասին. «Թուրքեստանից հայտնված թուրքերը Եվրոպայի համար շարունակում են օտարներ մնալ` չնայած արդեն ավելի քան երեք հարյուր տարի է` գտնվում են աշխարհի այս մասում»: Ըստ Հերդերի` Եվրոպայի համար թուրքերի գլխավոր ծառայությունն այն էր, որ հարյուրամյակների ընթացքում ստիպեցին եվրոպական պետություններին պահպանել զգոնություն և արիություն, այսինքն` կարողացան ինքնակազմակերպվել թուրքական էքսպանսիայի դեմ: Հերդերը գտնում էր, որ թուրքերի կայսրությունը եվրոպացիների համար հսկայական բանտ է. կգա ժամանակ և նրանց կայսրությունը կկործանվի:

«Ու՞մ են պետք այս օտարականները Եվրոպայում, ու՞մ են պետք այս ասիացիները, որոնք այսքան դարեր անց ցանկանում են մնալ բարբարոսներ»,-հարցնում էր փիլիսոփան: Օսմանյան կայսրությունն այլևս չկա, սակայն Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է բանտ մնալ ազգային փոքրամասնությունների համար: Հետևաբար, շատ չխորանալով Հերդերի հետ հայեցողական երկխոսության մեջ` այդուհանդերձ, նրա հարցադրումը, թե ու՞մ են պետք այդ օտարականները, խիստ արդիական է նաև հիմա: Մշակութասպան թուրքի մասին խոսել են նաև Հեգելը, Հյուգոն, Դոստոևսկին և շատերը:

Սակայն Օսմանյան կայսրության կործանումից հետո Ա. Թոյնբին հիացմունքով պետք է խոսեր Մուստաֆա Քեմալի և թուրքական ոգու վերածնության մասին` համոզված լինելով, որ Թուրքիան գնում է արևմտյան արժեքների ընդունման ճանապարհով և օրինակ կդառնա մնացյալ Իսլամական աշխարհի համար: Սակայն Թուրքիան ուներ զարգացման իր ուրույն ճանապարհը և արևմտյան քաղաքական մտածողության արգասիքներից մեկը` ազգայնականությունը, դարձրեց իր էթնոպետական ինքնության պահպանման զրահաբաճկոնը: Պատմությունը դարեր շարունակ սերնդեսերունդ ցույց է տալիս, որ «արևմտյան արժեհամակարգի» մեջ թուրք սուլթանների և ընդհանրապես բոլոր պետական այրերի համար զարգացման արևմտյան ուղին հիմնականում սահմանափակվում էր ռազմական արվեստի փոխառությամբ, ինչը հարազատ է թուրքական համակեցական կառույցին, որը կարելի է բնութագրել որպես հարատև իշխանակենտրոնություն. կառավարիչ-բանակ-հպատակներ, որ նույնական է քոչվորական կացութաձևի երեք բաղադրիչներին` հովիվ-շներ-ոչխարների հոտ: Կրկին վերադառնալով Հերդերին` նշենք, որ գերմանացի մտածողի համար հայերը Եվրոպայում ճանապարհորդներ էին, և նրանց սիրելի զբաղմունքը առևտուրն էր: Հերդերի համար Հայաստանը քրիստոնեական հին երկիր է, իսկ հայերենը` սքանչելի հին լեզու:

Հերդերն իրավացիորեն կարծում է, որ Հայաստանի դժբախտությունը նրա աշխարհագրական դիրքն է: Հերդերը գիտեր Մեսրոպ Մաշտոցի և Մովսես Խորենացու մասին, ովքեր գիր և պատմություն տվեցին Հայաստանին, այսինքն` նա Հայաստանը բնութագրում է մշակութակենտրոն քաղաքակրթություն, ինչը, նրա կարծիքով, խանգարեց Հայաստանին պետականություն ունենալու հարցում: Ասվածի համատեքստում բնական հարց է ծագում. Թուրքիան, որի ինքնութենական պահպանման համար պատմական մոռացությունը դարձել է գերխնդիր, կարո՞ղ է հասկանալ (ցանկություն էլ չունի) հայ ժողովրդին, որն ապրում է պատմական ժամանակով` պատմական հիշողությամբ: Թուրքիան երբեք դա չի’ հասկանա: Թուրքական պետությունը փորձում է իր հավաքական հիշողությունը կազմակերպել Օսմանյան կայսրության XVI դարի արքետիպերի շուրջ»:

https://www.facebook.com/hovhannes.khorikyan/posts/3077488959030248

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31