Արդյոք պետությունը կարողանո՞ւմ է հոգ տանել արդեն հայրենադարձված սիրիահայերի համար և կարո՞ղ է հոգ տանել նոր հայրենադարձվողների համար
«Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսաքննարկման ժամանակ բանախոսներն անդրադարձան Լիբանանից Հայաստան հնարավոր հայրենադարձության թեմային:
168.am-ը Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեց՝ արդյոք պետությունը կարողանո՞ւմ է հոգ տանել արդեն հայրենադարձված սիրիահայերի համար և կարո՞ղ է հոգ տանել նոր հայրենադարձվողների համար: Ի պատասխան՝ Զ. Սինանյանը նշեց.
«Պետությունն ունի մի շարք ծրագրեր, օրինակ՝ առողջապահական և այլ, որոնցից օգտվում են որոշ սիրիահայեր: Սիրիահայերի մեծամասնությունն այսօր, նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, ինչ-որ ձևով հարմարվել են հայաստանյան կյանքին: Նրանք ունեն աշխատանք, նրանք կարողանում են իրենց տան վարձերը վճարել, հետևաբար՝ այն ամենատարրական օգնության կարիքը, որը ուներ, ասենք՝ 2012-2013 թթ., այլևս գոյություն չունի, սակայն բժշկական ծառայություններում Հայաստանը շարունակում է ձրիորեն օգնություն հատկացնել սիրիահայերին:
Եվ եթե կան սիրիահայեր, որոնք որևէ բանի կարիք ունեն, եթե մեր գրասենյակին դիմում են, բնական է, որ մենք այդ մարդկանց մեր հնարավորությունների սահմաններում օգնում ենք»:
Զ. Սինանյանը հավելեց, որ սակավ տնտեսական կարողությունների պատճառով չեն կարող հոգալ սիրիահայ հայրենադարձների բոլոր կարիքները, ինչպես որ կուզենային. «Պետությունը չի հոգում նաև Հայաստանի բոլոր քաղաքացիների բոլոր այն պահանջները, որոնք կուզեինք հոգալ՝ նույն տնտեսական հնարավորությունների սակավության պատճառով, բայց մի բան միանշանակորեն ես կարող եմ ասել, որ հայրենադարձությունը Հայաստանում դրվում է պետական-ինդուստրիալ հիմքերի վրա. մենք դրան հավատում ենք, դրա մեջ տեսնում ենք Հայաստանի և հետևաբար՝ ամբողջ հայության փրկությունը և պատրաստ ենք լինելու քաղաքական գին վճարելու դրա համար»:
Հիշեցնենք, սակայն, օրեր առաջ «Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների» ընկերակցության հիմնադիր-նախագահ Արտեմիս Լեփեջյանը մեզ հետ զրույցում մասնավորապես հայտնել էր, որ Հայաստան տեղափոխված սիրիահայերը, որոնք համավարակի և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ տնտեսական սահմանափակումների պատճառով հայտնվել էին անելանելի վիճակում, այդպես էլ որևէ աջակցություն չեն ստացել պետական կառույցներից:
«Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից, գիտե՞ք՝ մեզ ինչ պատասխանեցին. «Մենք տեղյակ ենք խնդրին, բայց մենք ներգաղթողների համար հատուկ ծրագիր չունենք աջակցման, մենք ձեզ կարող ենք ուղղորդել հասարակական կազմակերպությունների մոտ, որպեսզի իրենք աջակցեն»: Ինչո՞ւ, ես ողորմությո՞ւն էի խնդրում իրենցից:
Սփյուռքի հանձնակատարն ի՞նչ գործ է արել, որ գնացել է հանգստանալու, ի՞նչ գործ է արել: Կամ ինչո՞ւ է գնում Գլենդել. էստեղ այս կորոնավիրուսի ժամանակ մարդիկ նույնիսկ տան վարձ չեն կարողանում տալ, ոչ մի տեղ չգիտեն դիմելու, ոչ մի բանից չեն օգտվել: Քիչ չեն Սիրիայից եկողները՝ 8000 հոգի. 27 հազար եկել են, մնացել են 8000, և նրանք պետական ոչ մի աջակցություն չեն ստացել, իսկ նա էդպես է պատասխանում ու թողնում-գնում»,- ասել էր Լեփեջյանը: