«Ես՝ որպես հայ, ինձ հպարտ կզգայի, եթե անմիջապես հաջորդ օրը մեր հայ ջոկատը կտեղավորվեր արդեն Բեյրութում». Վարդան Մարաշլյան
«Միջխորհրդարանական հարաբերությունները շատ կարևոր են հատկապես այնպիսի երկրի համար, ինչպիսին Լիբանանն է, որովհետև մենք այնտեղ ունենք բավականին մեծ համայնք և պարզապես պարտավոր ենք այդ երկրի խորհրդարանի հետ ունենալ ջերմ հարաբերություններ, ինչը կա: Վստահ եմ՝ պետք է էլ ավելի ամրացնել այդ հարաբերությունները»,- «Բեյրության աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով տեսաքննարկման ժամանակ նշեց Ազգային ժողովի Հայաստան-Լիբանան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը:
Հիշեցնենք՝ տեսաքննարկմանը ներկա Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել էր, որ Հայաստանից Լիբանան է մեկնելու պատվիրակություն, որի կազմում են լինելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և Ազգային ժողովի Հայաստան-Լիբանան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը:
Անդրադառնալով նախատեսվող այցելությանը՝ պատգամավորը նշեց. «Իմ այցը՝ որպես բարեկամական խմբի ղեկավար, հենց դրանով է պայմանավորված, որ գուցե հանդիպեմ այնտեղի բարեկամական խմբի ղեկավարի հետ: Դեպքից ժամեր անց ես խոսել եմ մեր դեսպանի հետ, այնուհետև խոսել եմ պարոն Թերզյանի հետ՝ Լիբանան- Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ»:
Հրաչյա Հակոբյանը, իբրև ամփոփում, շեշտեց, որ այսօր կա քաղաքական կամք՝ մեծ հայրենադարձություն կազմակերպելու համար, և, ըստ նրա՝ այս համատեքստում թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ ծրագրերն իրագործելի են:
«Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի համահիմնադիր, տնօրեն Վարդան Մարաշլյանն առաջարկեց՝ լիբանանահայերի խնդիրները, տեղի ունեցողը պետք է դիտարկել՝ որպես անզգային անվտանգության խնդիր: Վ. Մարաշլյանը կարևորեց Հայաստանի կողմից մարտահրավերներին արագ արձագանքելու անհրաժեշտությունը.
«Ես՝ որպես հայ, ինձ հպարտ կզգայի, եթե անմիջապես հաջորդ օրը մեր հայ ջոկատը կտեղավորվեր արդեն Բեյրութում, և 50-100 հոգանոց խումբ արդեն կսկսեր աջակցություն ցուցաբերել, ինչպես արեցին Ռուսաստանը, Ֆրանսիան և Թուրքիան: Իմ կարծիքով, մեզ համար Լիբանանը ոչ պակաս կարևոր երկիր է, քան իրենց համար, և ապագայում մենք պետք է կարողանանք շատ ավելի արագ արձագանքել մարտահրավերներին»:
Անդրադառնալով հայրենադարձության հարցին՝ Մարաշլյանը շեշտեց.
«Շատ կարևոր է պահպանել հայկական համայնքը Բեյրութում, քանի որ Լիբանանը մեզ համար ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է: Բայց մեր կարծիքով, եթե Լիբանանից տեղի ունենա արտահոսք, ավելի ճիշտ կլինի՝ մարդիկ գան Հայաստան, քանի որ նաև այստեղ ապրելով՝ նրանք կարող են ավելի կապված լինել Լիբանանի հետ և կարող են մասնակցել համայնքային բոլոր կարևոր գործընթացներին, որպեսզի լինեն թե՛ Հայաստանի, թե՛ Լիբանանի մաս։ Եթե գնում են Ամերիկա, Կանադա, Ավստրալիա, կարելի է այդ մարդկանց մասին մոռանալ, որոշ ժամանակ հետո այդ մարդիկ կամ ձուլման խնդրի առաջ են կանգնում, կամ այլ խնդիրների»:
Նրա խոսքով՝ պետք է լինել պրոակտիվ և կամավոր հայրենադարձություն կազմակերպել.
«Մենք չենք ասում՝ ուղղակի բոլորդ վերադարձեք Հայաստան, ասում ենք՝ ձեր երեխաներից մեկին ուղարկեք Հայաստան՝ սովորելու։ Եկեք, տուն առեք Էջմիածնում, Աբովյանում, որ հիմք ունենաք, որպեսզի եթե մի բան լինի, կարողանաք արագ տեղափոխվել, որպեսզի ռեսուրսներ ունենաք: Ավանդներ դրեք հայկական բանկերում: Այդ դանդաղաշարժությունը եղել է թե՛ պետության, թե՛ սփյուռքի դասական կառույցների կողմից։ Երկու կողմից էլ մենք, ցավոք սրտի, ժամանակը կորցրել ենք։ Հիմա եթե մենք նորից կանգնելու ենք ստիպված տեղափոխման հարցի առջև, ես համոզված եմ, որ այս գործընթացը Հայաստանի Հանրապետությունը մենակ չի կարող անել, նման գործընթացներում սփյուռքը ևս ֆինանսապես նույնպես պետք է շատ ակտիվ մասնակցի, որպեսզի սուբսիդավորի»:
«Առաջարկում եմ միջնաժամկետ կտրվածքով սա դնենք լուրջ քննարկման առարկա և լուրջ քննարկումներ կազմակերպենք Հայաստան-Սփյուռք ձևաչափով. Եթե մենք նորից անպատրաստ մոտենանք այս հարցին, կունենանք հերթական սիրիական ճգնաժամը»,- եզրափակեց Վ. Մարաշլյանը։