Քանդում են հայ դպրոցը, պղծում ու «սրբագրում» են մեր պատմությունը, վարկաբեկում Հայ առաքելական եկեղեցին, փորձում են թուլացնել Բանակը. Գևորգ Գևորգյան
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իշխանության կարևորագույն օղակներում հայտնված սորոսականները վերջին օրերին ակտիվորեն շրջանառում են՝ «տավուշյան մարտերի հաղթանակը իշխանությանն է» ագիտացիոն բնույթ կրող թեզը: Զինված ուժերի քաղաքականացման նպատակը բանակի արժեզրկումն ու վարկաբեկումն է, որովհետև բանակը, որպես ապաքաղաքական կառույց՝ մեր անվտանգության երաշխավորն է և պետության ամենահզոր հիմնասյունը, հետևապես և, ապազգայինների թիրախում է: Սա չափազանց վտանգավոր տեղ տանող գործընթաց է: Զինված ուժերը քաղաքական իշխանության հետ կապելով, հարվածում են մեր անվտանգությանը: Այդ գործին լծված է Ազգ-Բանակ ծաղրող ԱԽՔ-ը: Վերջինս հայտարարելով, որ տավուշյան մարտերը համակարգվել է վարչապետի կողմից, փաստացի քաղաքականացնում է Բանակը, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ՝ վարչապետը գլխավոր հրամանատար է միայն պատերազմական իրավիճակում: Այս իրավիճակում այլևս էական չէ, թե վարչապետի աթոռին հայտնվածը հերքում է, թե հաստատում այս հայտարարությունը: Անհերքելի է, որ պետության առաջ ծառացած խնդիրները հաղթահարելու փոխարեն, հիմա էլ զբաղված են իրար դեմ «աշխատելով», որովհետև ամեն մեկն իր նեղ անձնական շահն ունի, ամեն մեկն իր քաղաքական դիվիդենտ որսալու պահն է կարևորում:
Եկեղեցի-հավատ, կրթություն-ազգային դպրոց, անվտանգություն-բանակ. այս ուղղությունները սորոսականների թիրախում են:
Բաց հասարակությունների՝ գլոբալիզմի դրածոները, 2 տարի է մեր երկրի իշխանության կարևորագույն օղակներում են, որպեսզի տարատեսակ «բարեփոխումներով» հիմնահատակ ջնջեն ազգայինը: Քանդում են հայ դպրոցը, աղավաղում են հայագիտությունը, նսեմացնում են մեր մշակույթը, պղծում ու «սրբագրում» են մեր պատմությունը, վարկաբեկում Հայ առաքելական եկեղեցին, փորձում են թուլացնել Բանակը:
Ապազգայինները համակարգված աշխատում են՝ լծված պետականաքանդ գործին, լավ հաշվարկված ջանքեր են գործադրում Հայաստանը վերածելու փորձադաշտ-տարածքի: Բայց այդ հաշվարկներում մոռացել են ամենագլխավորը՝ մենք ազգային ինքնության պահպանման գերբնական ուժ ունեցող ԱԶԳ ենք, այդ ուժի շնորհիվ ենք հազարամյակներ հարատևում եւ, որ այդ ուժը ոչ միայն հարատևման, այլև ապազգայիններից երկիրը ազատելու համար է»: