Երկրում հաստատվում է դասական նեոբոլշևիզմ

Այսօր Հայաստանն ապրում է բավական ինտրիգային օրեր, քանի որ չկա համընդհանուր քաղաքական օրակարգ և տեսլական, ավելին՝ երկրի առօրյան ձևավորվում է «գլխավոր խմբագրի» քմահաճույքով և ցանկությամբ․ ցանկացած պրիմիտիվ թեմա կարող է դառնալ հանրային ուշադրության էպիկենտրոնում և ցանկության դեպքում գովաբանվել, կամ՝ հակառակը, իսկ ամենաառանցքային հարցն ուղղակի մղվում է հետին պլան՝ «Օվերտոնի պատուհանի» հստակ կիրառմամբ։ Ըստ էության՝ հասարակության մի մասն այսօր զոմբիացված է, իսկ հանրային դիսկուրսը՝ տապալված կամ, ավելի շուտ, տեղափոխվել է սոցիալական ցանցերի տիրույթ: Ամենուր ականատես ենք սպառնալիքի ու հայհոյանքների, որոնք հայ իրականությունը նախ բևեռացնում է, ապա ստեղծում անկառավարելի քաոս։ Օրվա չինովնիկների կողմից հանրային տիրույթում ամբողջովին վերահսկողություն է սահմանված, ինչը հանգեցնում է երկրի ներսում ժողովրդավարական գործընթացների քանդմանը` փոխարինելով դրանք կեղծ ժողովրդավարական գործընթացներով, ինչի արդյունքում աստիճանաբար երկրում հաստատվում է դասական նեոբոլշևիզմ: Հստակ կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, չունի որևէ օրակարգ, թե կոնկրետ ինչն է առաջնային իր և իր քաղաքական թիմի համար: Միաժամանակ տեսնում ենք, որ Փաշինյանը սեփական քայլերը փոխանակ իրականացնի Սահմանադրությանը համապատասխան, առաջնորդվում է սեփական պատկերացումներով և զգացմունքներով:

Անթույլատրելի և դատապարտելի է բաժանարար գծերի շարունակաբար հաստատումը, ինչի միակ պատասխանատուն օրվա նեոբոլշևիկյան իշխանությունն է: Ակնհայտորեն գործող քաղաքական ղեկավարությունը չի հասկանում, որ գոյություն ունեցող օրենքները պետք է պահպանվեն, ու դա ցանկացած իրավական պետության ոսկե կանոնն է, սակայն մենք այսօր տեսնում ենք պետության կողմից ակնհայտ վախի մթնոլորտ տարածող քայլեր։ Գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք դառնում ռեպրեսիվ մեխանիզմների կիրառման ու բացահայտ ուժի ցուցադրման դեպքերի, ինչն առանց իշխանության ամենավերին օղակների գիտության կամ հատուկ հանձնարարության՝ չի կարող լինել։ Եվ դա արվում է հասարակության հակաիշխանական որևէ խլրտում բացառելու և ցանկացած քայլ միանգամից կանխելու նպատակով։ Այն քաղաքական կուրսին, որը շուրջ երկու տարի իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, բացի նեոբոլշևիզմից, այլ բնորոշում տալ չես կարող։ Բոլորս ենք հիշում, թե ինչպես էին նախորդ դարի 20-30-ականներին ամենուր փնտրում դավաճանների և տարբեր հարցերում մեղավորների, այսօր նույնի կրկնությունն է՝ Փաշինյանը տարբեր թեմաներով և սեփական ձախողումները թաքցնելու համար մեղավորներ է «նշանակում»։ Հաճախ ենք լսում, երբ օրվա իշխանության մաս կազմող տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ «իրենք չեն խառնվում որևէ դատական գործընթացի», սակայն տեսնում ենք, թե ինչպես են գործեր «կարվում» իշխանության համար քաղաքական խնդիրներ հարուցող գործիչների, կամ տնտեսական գործունեությամբ զբաղվող և իշխանությունների համար անհաճո ընկերություններում «անակնկալ» ստուգումներ իրականացնում։ Եթե դարձյալ զուգահեռ անցկացնենք Փաշինյանի իշխանության և հարյուր տարի առաջ բոլշևիկների կողմից իրականացված քայլերի միջև, ապա նմանություններն անցնում են մեկ տասնյակը։ Եվ բոլշևիկները, և Փաշինյանն իշխանության գալուց հետո փորձեցին թիրախ դարձնել եկեղեցին և ազգային արժեհամակարգերը, երկուսն էլ հստակ զբաղված են գրաքննությամբ ու այլ կուսակցությունների ներկայացուցիչների նկատմամբ տարբեր ճնշումների իրականացմամբ։ Նիկոլը, ինչպես ժամանակին ինքնամոռաց գոռգոռում էին բոլշևիկները, փորձում է մաքրել ցանկացած «հին» և ամեն ինչի «սկիզբը» համարել իրեն, ինչպես այն ժամանակ, հիմա էլ ականատես ենք, թե ինչպես են փորձում խմբագրել պատմությունը: Այս ամենի հետ միաժամանակ՝ Փաշինյանն իր ապիկարությամբ գերազանցում է նախորդ դարասկզբի արկածախնդիրներին, քանի որ նրանք նախ ունեին կոնկրետ գաղափարախոսություն, ինչը բացակայում է Նիկոլի դեպքում, նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է , թե դեմ է իզմերին, և ամենագլխավորը, բոլշևիկները, հետո արդեն՝ կոմունիստները, հստակ ունեին իրական քաղաքացի կերտելու ուրույն մեխանիզմ, իսկ այն, ինչ Փաշինյանն ունի, միայն այդ քաղաքացու մասին միֆական պատկերացումն է, ուրիշ ոչինչ։
Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս