Բաժիններ՝

Մեսչյանն ամեն տեղ բախվեց հենց այս խնդրին. Ճարտարապետների պալատի նախագահը՝ առկա խոչընդոտների ու դրանց լուծման մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ՝ անդրադառնալով լուրերին, թե Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտոնից ազատման դիմում է գրել, ասել էր․ «Պարոն Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է մոտավորապես 2 տարի ժամկետով։ Երկու տարին արդեն մոտենում է իր ավարտին, ու ինքը մնում է իր խոստման շրջանակներում»։

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, ով ավելի վաղ անդրադարձել էր Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Արթուր Մեսչյանի նշանակմանը՝ ընդգծելով, որ կուզեր Մեսչյանի խոսքը կտրուկ լինի, իրեն հարգեն, իր ասած խոսքը, և լսեն՝ որպես մասնագետի, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արթուր Մեսչյանը բավականաչափ կոշտություն ցուցաբերել է, սակայն դա բավարար չէ, նրա թիկունում պետք է կանգնած լինի քաղաքապետը, որովհետև դժվար խնդիրներ են լուծում:

«Սկզբում իշխանությունն ասում է՝ սա այսպես, նա այնպես կանենք, հետո, երբ գործը հասնում է մինչև ճարտարապետ, նա նկատում է, որ ինչ-որ այգում ինչ-որ կառույց է, հետո պարզվում է, որ չեն կարող ձեռք տալ, որովհետև իրավական կողմով բոլորը գտնվում են ոչ բարենպաստ պայմաններում, վաղուց մի 30 տարով պայմանագիր է կնքվել: Այսինքն, անուժ են գտնվում: Վերցնենք Մաշտոցի պուրակի դեպքը, որտեղ նորից ծառ են կտրում, կառուցում իրականացնում: Պարզվել է, որ այդ հատվածը սեփականատեր ունի: Այսինքն՝ Քաղաքապետարանը ֆինանսական մեծ հնարավորություն կամ կոշտություն չունի, որ ասի՝ սխալ է եղել, ահա քո ֆինանսական փոխհատուցումը, շատ արագ մաքրե՛ք տարածքը: Իսկ այս ամբողջ գործընթացը, եթե պետք է անցնի դատարանով, ու դատարանը ոչ մի հիմք չի գտնում, ճարտարապետը սոսկալի դրության մեջ է հայտնվում: Մեսչյանին ես գիտեմ՝ բավականին կոշտ է, շատ բաներ է ուզում փոխել, բայց ամեն տեղ բախվեց հենց այս խնդիրներին: Օրինակ, եթե ժամանակին թույլտվություն են տվել, հաստատել նախագիծը, ինչ-որ հիմքային աշխատանքներ են արվել, դրանք բոլորը փող են, չէ՞: Հիմա մարդն ասում է՝ կամ պետք է տաք ծախսածս գումարները, կամ ես չեմ գնում: Բնական է՝ բոլորին որ տան գումարները, էլ գումար չի մնա»,- նշեց Մկրտիչ Մինասյանը:

Խոսելով գիտական կենտրոնների տարածքում բնակելի շենքեր կառուցելու մոլուցքի մասին՝ Ճարտարապետների պալատի նախագահը նկատեց. «Բոլորը տալիս են բնակելի շինության համար, որովհետև ինվեստորն օգուտ ստանում է բնակելի տնից: Ինչո՞ւ որևէ մեկը չի առաջարկում, որ այդ զանգվածը, որ ձեռք է բերվել՝ նվիրի քաղաքին՝ որպես այգու հատված: Ինչո՞ւ նման բան չեն անում, որովհետև որևէ ակնկալիք չունեն: Բնակելի շենք է սարքում, որովհետև հենց վաղն այն իրեն օգուտ է տալու: Հենց հիմքը դնում են՝ փող մուծելու հերթերը գոյանում են: Մինչև այս չարաբաստիկ՝ բնակելի շենք սարքելու մոլուցքը չանցնի, չի լինի: Բացի Գաֆէսճեանից, ով վերակենդանացրեց Կասկադը, Վարդանյան եղբայրներից, ովքեր Երևանի 2800-ամյակի այգին սարքեցին, ցույց տվեք որևէ ինվեստոր, ով ասում է՝ քաղաքի համար մի բան անեմ: Առաջին հերթին քաղաքապետարանն իրավունք ունի ասել, որ բավական է կառուցեն բնակելի շենքեր, այս խտությամբ բնակելի շենքեր ինքը թույլ չի տալիս:

Դրա համար ինչ տոկունության մարդ էլ լինի՝ նա չի կարողանում դիմանալ. հայտարարում է, որ սա չի լինելու, պարզվում է՝ մյուս օրը գալիս և իրեն ասում են, որ դու չես կարող դա անել: Իրեն էլ բան չի մնում անելու»:

Մկրտիչ Մինասյանն ընդգծեց՝ քաղաքը պետք է ստիպի, որպեսզի ներդրողները մտածեն: Պետք է լինեն քաղաքի ամբողջ մակերեսով հաստատված այն մասերը, որոնց հողերը վաճառվելու են, շենքեր են սարքվելու:

«Պետության կողմից հաստատված պետք է լինի, որ այստեղ 3 հարկից ավելի չես կարող սարքել, կամ այստեղ դու հասարակական նշանակության օբյեկտ պետք է անես, սարքի քեզ համար փոքր թատրոն, բեմ: Մինչև չունենանք քաղաքի ամբողջ տարածքի համար հաստատագրված մի բան, որը կհաստատվի կառավարությունում, ոչ մի բան չի կարող լինել: Մենակ ճարտարապետը չի կարող անել դա: Դրսում գլխավոր ճարտարապետ չկա, որովհետև նա անելիք չունի, միայն իրավական փաստաթղթերն է նայում: Երբ մեկը 3 հարկի փոխարեն՝ 4-ն է կառուցում, այնտեղ ասում են՝ վերացրու այդ 4-րդ հարկը, և վերջացավ: Իսկ այստեղ այդպես չէ»,- եզրափակեց Ճարտարապետների պալատի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս